Հետաքրքրական է, որ բողոքի գործողությունները կազմակերպվել էին COVID-19-ի դեմ պայքարում կառավարության կողմից ներդրված կոշտ միջոցառումների որոշակի մեղմացման նախօրեին։ Դրանք սակայն, ըստ ցուցարարների, բավարար չեն և որևէ կերպ չեն կարող նպաստել երկրում ստեղծված ծանրագույն տնտեսական կացության շուտափույթ շտկմանը։ Այսօրվանից Վրաստանի վերագործարկվում են առևտրի կենտրոնները, մի շարք խոշոր քաղաքներում աշխատանքն է վերսկսում հանրային տրանսպորտը, իսկ Աջարիայում թույլատրվում է բացօթյա ռեստորանների և սրճարանների աշխատանքը։
«Մեր ոլորտը շատ ծանր կացության մեջ է։ Տնտեսության վերագործարկումը այլընտրանք չունի։ Եթե կառավարությունը փետրվարի 1-ին դրան ուղղված հստակ գործողությունների ծրագիր չներկայացնի, մենք ստիպված ենք լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները և սահմանափակումներից տուժող մյուս կազմակերպությունները կսկսեն այնպես աշխատել, կարծես կառավարության հայտարարած սահմանափակումները պարզապես գոյություն չունեն», - հայտարարում էր ցուցարարներից մեկը։
Բողոքի ակցիաների կազմակերպիչների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում՝ Բակուրիանիում և Գուդաուրիում, նաև Սվանեթիայի հանգստավայրերում գործող ընկերությունների սեփականատերերն ու աշխատակիցները, որոնք 2020-2021 թվականների ձմեռային ողջ սեզոնի ընթացքում մատնված են պարապուրդի։
Բողոքի գործողութուններին միացել էին նաև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում են բացառապես առաքման ռեժիմով։ Երեկ սակայն ավելի քան 200 ռեստորաններ որոշեցին հրաժարվել նաև այդ պրակտիկայից՝ յուրատեսակ մեկօրյա գործադուլ անցկացնելով։
Կիրակի օրը փողոց էին դուրս եկել նաև Ջավախքի հայերը։ Ախալքալաքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում էին բացել Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանները՝ հնարավորություն տալով իրենց մեկնել արտագնա աշխատանքի։
«Եթե բացվում է օդային սահմանը, ինչո՞ւ նույնը չի արվում ցամաքայինի համար», - տարակուսում էին ջավախահայերը։
Վրաստանով մեկ տարածված այս բողոքի ակցիաները Գեորգի Գախարիայի կառավարությանը բավական ծանր երկընտրանքի առջև են կանգնեցնում։ Վրացական կառավարությունը մի կողմից չի կարող ամբողջությամբ հրաժարվել հակահամաճարակային սահմանափակումներից, քանի որ կորոնավիրուսի անվերահսկելի տարածումը երկրում շարունակվում է։ Թեև վարակակիրների թվի աճը վերջին շրջանում որոշակիորեն դանդաղել է, այնուհանդերձ, մահացության ցուցանիշը երկրում բավական բարձր է։ Այսպես, վերջին երեք օրում վրացական հիվանդանոցներում կորոնավիրուսից մահվան 46 դեպք է արձանագրվել` երեք անգամ ավելի շատ, քան նույն ժամանակահատվածում Հայաստանում և երկու անգամ ավելի շատ, քան Ադրբեջանում։
Մյուս կողմից սակայն, պաշտոնական տվյալները վկայում են, որ Վրաստանի տնտեսությունը ևս կորոնավիրուսի համաճարակի և դրան ուղեկցող սահմանափակումների հետևանքով հայտնվել է ծանրագույն կացության մեջ։ Նախորդ շաբաթավերջին 2020 թվականի առաջին ամփոփումը ներկայացրեց Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Վրաց վիճակագիրները պնդում են, որ նախորդ տարի ՀՆԱ-ի անկումը երկրում գերազանցել է 6 տոկոսը։ Վերջին անգամ նման ցուցանիշ Վրաստանում նկատվել էր 26 տարի առաջ՝ 1994-ին երկրում ծավալված քաղաքացիական պատերազմի ֆոնին և Աբխազիայի կորստից մի քանի ամիս անց։ Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Գոգիտա Թոդրաձեն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախորդ տարի տնտեսական անկման ծավալները գերազանցել են բոլոր հոռետեսական կանխատեսումները։ Ավելի վաղ Համաշխարհային բանկի փորձագետները հայտարարել էին, որ տնտեսական անկումը Վրաստանում կկազմի առավելագույնը չորս տոկոս։
Թբիլիսցի տնտեսագետ Գեորգի Խիշտովանիի խոսքով․ 2020 թվականի իրադարձությունների հետևանքով վրացական տնտեսությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի շեմին։
«Մեր արտաքին պարտքի ծավալն արդեն իսկ մոտեցել է օրենսդրությամբ սահմանված առավելագույն շեմին՝ ՀՆԱ-ի 60 տոկոսին։ Դրա հետ մեկտեղ, այսօր արդեն պարզ է, որ գարնանը ներդրված խստագույն սահմանափակումները վիճելի քայլ էին։ Կարող եմ ասել, որ վրացական տնտեսությունը սպառել է իր բոլոր պաշարները, և մեզ ծանրագույն ճգնաժամի տարի է սպասում։ Զբոսաշրջությունն 2021-ին չի վերականգնվի, իսկ հետագա սահմանափակումներին Վրաստանը կարող է պարզապես չդիմանալ», - «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշել է տնտեսագետը։