Հայաստանը հետաքրրքված է ռուսական նորագույն К-52М (Супераллигатор) և Ми-28НЭ (Ночной охотник) հարվածային ուղղաթիռների ձեռքբերմամբ: Այս մասին ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում այսօր ասել է «Вертолеты России» ընկերության ղեկավար Անդրեյ Բոգինսկին։
Նրա խոսքով` նոյեմբերի 14-18-ը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած միջազգային Dubai Airshow-ի` Դուբայի ավիացիոն ցուցադրության ժամանակ Հայաստանի, Ղազախստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նշված ուղղաթիռների ձեռքբերման ուղղությամբ։ «Рособоронэкспорт-ի գործընկերները ակտիվորեն աշխատում են [մեր այդ ուղղաթիռների] առաջ մղման ուղղությամբ, և մենք բավարարված ենք նրանց ունեցած արդյունքներով»,- ընդգծել է Բոգինսկին։
Այս օգոստոսին Մոսկվայում կայացած Армия-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր էր կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, հայտնել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ առանց մանրամասներ նշելու։
Շուգաևի հայտարարության նախօրեին՝ օգոստոսի 24-ին այդ ցուցահանդեսին մասնակցելուց և ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպելուց հետո Հայաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդգծել էր, որ Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց և ծրագրում է գնել նոր, որակյալ սպառազինություն:
Էլ ավելի վաղ՝ այս օգոստոսի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանին դաշույն էր նվիրել` ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Մոսկվայում2022թ. Հայաստանի պետբյուջեով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 345.4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 707 միլիոն դոլար, ինչը 10.8 տոկոսով ավելի է ռազմական գերատեսչության այս տարվա ծախսերից։