Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այսօր ժամը 12։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերական կայուն է եղել, սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ չկա։ Սա Հայաստանի ռազմական գերատեսչության վերջին հաղորդագրությունն է, որում, սակայն, ոչ մի նոր տեղեկություն չկա նոյեմբերի 16-ի արյունալի մարտերի ընթացքում զոհված կամ գերի ընկած զինծառայողների մասին։
Անցած երեքշաբթի՝ Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած բախումը 44-օրյա պատերազմից ի վեր ամենաարյունալին էր, այն դադարեց նույն օրը երեկոյան՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը վերջին տվյալներով հաստատված 6 զոհ ունի, 13 գերի, ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 24 զինվորի հետ կապը կորելու մասին։
Պաշտպանական գերատեսչությունը բախումներից մեկ շաբաթ անց էլ դեռ չի պարզաբանում՝ արդյոք որևէ տեղեկություն հայտնի՞ է 24 զինվորների մասին, հնարավո՞ր է նրանք ևս գերիների ցանկում են հայտնվել, թե՞ ոչ։ Մեր զանգերը Պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում անպատասխան թողեց։
Թե հստակ քանի զինծառայող է գերեվարվել նոյեմբերի 16-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից էլ չեն հայտնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ դիմումներ են ուղարկվել ՄԻԵԴ«Դուց» զորամասի զինծառայողները հարազատներին ասել են, թե արդեն նոյեմբերի 15-ին շրջափակման մեջ էինՆոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆՄուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել երեկ զոհված հայ զինծառայողի մարմինՀայաստանը նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ
Հայաստանի կառավարությունը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել և Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրել անցած շաբաթասկզբին գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
«Ընթացակարգը հետևյալն է՝ մեր դիմումի հիման վրա դատարանը կայացնում է որոշում, որով պատասխանող պետությունից, ժամկետ տրամադրելով, պահանջում է տեղեկատվություն անձանց վերաբերյալ, և ըստ այդմ պետությունը պատասխան է ներկայացնում, դրա ինֆորմացիան մենք նաև փոխանցում ենք հարազատներին: Հաշվի առնելով նաև հարցի նրբությունը չենք հրապարակել կոնկրետ թիվ, բայց դիմումը ներկայացված է բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր հայտնվել են կամ կան տվյալներ, որ հայտնված լինեն Ադրբեջանի տիրապետության տակ», - ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Դրմեյանն ասում է՝ ստրասբուրգյան դատարանը նման դեպքերում սովորաբար շատ կարճ ժամկետում է միջանկյալ որոշում կայացնում, այլ բան է, որ Ադրբեջանը կամ չի կատարում դատարանի որոշումը, կամ էլ ուշացումով է արձագանքում։
«Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ որ ընդհանրապես տեղեկատվություն չի տրամադրվել կամ տրամադրվել է շատ ավելի երկար ժամանակահատվածում, և այդ դեպքերից մեկով էլ Եվրոպական դատարանը հենց դիմեց Նախարարներին կոմիտեին՝ ուշադրությունը հրավիրելու Նախարարների կոմիտեի Ադրբեջանի նման կեցվածքի վրա», - ընդգծեց Դրմեյանը:
ՊՆ լռությունը կամ սահմանափակ տեղեկատվության տրամադրումն անթույլատրելի է. Աշոտ Մելիքյան
Հատկապես հիմա պաշտպանության նախարարության լռությունը կամ սահմանափակ՝ կցկտուր տեղեկատվության տրամադրումն անթույլատրելի է, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Ամսի 16-ի իրադարձություններից հետո բարձրաստիճան զինվորականները, կարծում եմ, առաջին դեմքը նույնիսկ կամ ՊՆ նախարարը ուղղակի պարտավոր էր հանդես գալ մամուլի ասուլիսով, որով պատասխաներ լրագրողների հարցերին: Ոչ մեկն իրենից պետական կամ ռազմական գաղտնիք չէր ուզում, բայց կան հարցեր, որոնք, իհարկե, պետք է պարզաբանվեին: Էլ չեմ ասում, որ սա թեմա էր, որպեսզի վարչապետը հանդես գար ուղերձով», - ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Պաշտպանության նախարարությունը պատերազմից հետո մամուլի քարտուղար չունի, գերատեսչության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեր հարցերին ոչ միշտ են պատասխանում ու ոչ լիարժեք։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, գործող իշխանությունները վերջին շրջանում ավելի փակ են դարձել լրատվամիջոցների համար։ Նկատում է՝ տարբերություն չկա՝ օրինակ՝ այս կամ այն գերատեսչությունն ունի մամուլի քարտուղար, թե ոչ, պաշտոնական տեղեկությունը մեծ մասամբ սահմանափակ է։
«Կա՛մ ընդհանրապես արհամարհում են հարցերը և դիմումները լրատվամիջոցների ներկայացուցիչների, կա՛մ այնպիսի պատասխան են տալիս, որից ոչ մի բան հնարավոր չի հասկանալ և պատկերացում կազմել: Այստեղ մենք ունենք խեղաթյուրում ընդհանրապես ժողովրդավարության, տեղեկատվության ազատության, խոսքի ազատության այդ սկզբունքների», - նշեց Նավասարդյանը:
Ոլորտի մասնագետները համոզված են, որ հենց իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունն է պատճառը, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում բաց դաշտ է ստեղծվում կեղծ տեղեկությունների տարածման համար: