Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե Բաքվի հետ հարաբերությունները նոր մակարդակի են անցել՝ շաբաթներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից հետո։
«Հրապարակային դաշտում անցանկալի և անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն անցնում են նոր փուլ», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։
«Կառուցողական հանդիպում ունեցանք ադրբեջանական պատվիրակության հետ, կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել», - հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին։
Բաքվից Թեհրան մեկնած պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով Ադրբեջանի բանակցողն է Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում՝ հայ և ռուս պաշտոնակիցների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի փոխվարչապետը մեկնում է Իրան` բանակցություններիԱվելի վաղ` անցած շաբաթավերջին, Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին էր հանդիպում ունեցել փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ «Երկար ու կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ», - գրել էր Մուսավին Թվիթերում՝ հավելելով, թե ուսումնասիրվել են հատկապես համատեղ նախագծերը և տարածաշրջանային համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները։
Երկու երկրների հարաբերությունները սրվել էին ամիսներ առաջ, երբ Բաքուն մաքսատուրքեր սահմանեց Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածները հատող իրանական բեռնատարների համար։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։ Թեհրանն էլ, իր հերթին, հայտարարում էր, թե Բաքուն «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ է կենտրոնացրել սահմանների մոտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է«Իրանը կատակ չի անում իր անվտանգության հարցում։ Մենք հստակ փոխանցել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանին, և նրանք խոստացել են քննարկել դրանք։ Անընդունելի է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզվեն երրորդ երկրի պատճառով», - անցած ամիս հայտարարել էր Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։
Հրապարակային մեղադրանքներից հետո՝ այս ամսվա սկզբին, պաշտոնական Թեհրանը հայտարարեց, թե կողմերը հարթել են «թյուրըմբռնումները»։ «Այժմ երկու երկրները կարող են առաջ շարժվել երկկողմ համագործակցության ընդարձակման ուղղությամբ», - հայտարարել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԳ նախարար․ Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ