Ֆրանսիան և Գերմանիան դիվանագիտական արարողակարգը խախտելու մեջ են մեղադրում Ռուսաստանին, որը հրապարակել է Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով երեք երկրների արտգործնախարարների նամակագրությունը։
Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանն այդ գործողությամբ վերջ դրեց «նորմանդական ձևաչափին»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային հարթակին։
Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Հեյկո Մաասի և Ժան-Իվ Լը Դրիանի հետ հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան՝ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների ֆոնին, թե Մոսկվան փորձում է տապալել բանակցային գործընթացը։ Ռուսական կողմը նամակագրության հրապարակումը բացատրում է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում իր դիրքորոշման «խեղաթյուրմամբ»։
Այդ նամակներից մեկում Լավրովը գրում է «նորմանդական ձևաչափով» հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին և ներկայացնում ամփոփիչ հայտարարության նախագիծը։ Դրանում ի թիվս այլ հարցերի հիշատակվում է Կիևի և Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների միջև ուղղակի երկխոսության հաստատման անհրաժեշտությունը, իսկ բուն հակամարտությունն էլ անվանվում է «ներուկրաինական»։ Այդ առաջարկները, ըստ հրապարակված նամակագրության, Ֆրանսիան և Գերմանիան մերժել են՝ առաջարկելով փաստաթղթի իրենց տարբերակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հրաժարվում է հանդիպել Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի հետ․ Ֆրանսիայի ԱԳՆ