«Եթե Հայաստանը չհետևի միջազգային իրավունքի պահանջներին՝ դիմելով քայլերի, որոնք կվտանգեն Ադրբեջանի ազգային անվտանգությունը, Բաքուն առանց երկմտանքի ձեռնամուխ կլինի բոլոր անհրաժեշտ պատասխան քայլերի իրականացմանը», - թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Չնայած այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր կատարվել են, չլուծված հարցեր ևս դեռ կան։ Ադրբեջանը այս հարցին դրական և կառուցողական մոտեցում ունի», - նշել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
Խոսելով այն չափանիշների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել կարգավորման գործընթացի ժամանակ, Ջեյհուն Բայրամովը նշել է․ - «Դրանցից գլխավորը Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը հաշվի առնելն է՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից։ Հայաստանը պարտավոր է անսալ երկխոսության կոչերին։ Որքան ավելի արագ Երևանի դիմի այդ քայլին, հարգանք ցուցաբերի հարևան պետությունների հանդեպ և ճանաչի սահմանները, այնքան ավելի արագ կլուծվեն առկա խնդիրները»։
«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից», - վստահեցրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։