Միացյալ Նահանգների պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Այս մասին ասվում է Էնթոնի Բլինքենի երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից», - հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում երկու կողմերին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան», - ասել է Բլինքենը։
«Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։
Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ արձագանքել սահմանին տիրող իրավիճակին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հանրությունը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ իրադրության հետագա սրումից