Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով Ճակատենում ու հարակից 5 գյուղերում բազմաթիվ խնդիրներ են առաջացել:
Գյուղացիներն «Ազատության» հետ զրուցում ասացին՝ ովքեր Կապանում էին աշխատում, հիմա չեն կարողանում հասնել աշխատանքի՝ կտրել-անցնելով 150 կմ ճանապարհ:
Ճակատենի միակ խանութն արդեն երկու օր է՝ չի աշխատում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով խանութպանը Կապանից գյուղ չի կարողանում հասնել: Եթե ժամանակին նա ընդամենը 15 րոպեում էր Ճակատեն հասնում, ապա հիմա ստիպված է երեք ժամից ավելի ճանապարհ անցնել՝ Մեղրիով գյուղ հասնելու համար:
Գյուղի խանութպանը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է խանութը վերաբացելու համար:
«Մարդը ճանապարհով ա ապրում, էսքան տարի սարքել են ճանապարհը, առանց մտածելու, թե մի թիզ հողի համար հետո ինչ կլինի: Դա կառավարության գործն էր, շատ դժվար ենք մենք սրանից հետո ապրելու, որովհետև մեծամասնությունը կախված ա գլխավորներից, թող բանակցեն, թեղ խոսան, թող ներեն, թող չգիտեմ ինչ անեն՝ ժողովրդին փրկեն», - ասաց ճակատենցիներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «15 րոպեի փոխարեն, այժմ ավելի քան 3 ժամ»․ Կապան-Ճակատենի փակ լինելու պատճառով 6 գյուղեր զրկվել են հիմնական ճանապարհիցՃակատեն ու հարակից 5 գյուղեր հաց ու այլ անհրաժեշտ մթերքներ տեղական իշխանություններն են մատակարարում, անգամ բենզին ու դիզվառելիք:
Մեղրիից ավելի քան մեկ ժամ ժամանակ է պահանջվում Ճակատեն հասնելու համար, այդ պատճառով գյուղում շտապօգնության մեքենան շուրջօրյա հերթապահություն է իրականացնում:
«Հլը որ յոլա ենք գնում, ոչինչ, հայը ամեն ինչի էլ դիմացել ա, սրան էլ կդիմանանք, եղածով յոլա ենք գնում մինչև Գեղանուշով ճանապարհը բացեն», - նշեց Ճակատենի բնակիչներից մեկը:
Չնայած գյուղում շտապօգնության մեքենան շուրջօրյա հերթապահություն է իրականացնում, սակայն գյուղացիներից որոշների համար դեղ է անհրաժեշտ, որը ժամանակին Կապանից էին գնում, հիմա քաղաք գնալը դժվարացել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում. ԱԽԿապան-Ճակատեն ավտոճանապարհի վիճահարույց հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրել: Ճակատեն ու հարևան մյուս հինգ գյուղեր հասնելու համար հիմա մարդիկ ստիպված են մի քանի անգամ ավելի շատ ժամանակ ծախսել:
5 օր առաջ էլ ադրբեջանական կողմը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում: Այս ճանապարհի փակ լինելու պատճառով էլ փաստացի շրջափակման մեջ են մնացել Բարձրավանը, Շուռնուխն ու Որոտանը: Այս գյուղեր հասնելու այլընտրանքային ճանապարհները դեռ կառուցվում են: