Ժամը 16-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Համաձայն հաղորդագրության՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին, հայկական կողմն ունի նաև զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել է 4 վիրավորի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է մնումԱյսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել