ԱՄՆ-ում է Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը՝ քննարկելու F-35 և F-16 կործանիչների հարցը

F-16 կործանիչը թռիչքի ժամանակ, արխիվ

Թուրքիայի իշխանությունները Միացյալ Նահանգներ են գործուղել ռազմական գերատեսչության պատվիրակությանը՝ քննարկելու F-35 և F-16 կործանիչների հարցը, որոնք Անկարան ցանկանում է ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ` Աքարը հույս է հայտնել, որ ամերիկյան կողմից դրական արձագանք կստանան։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, անհաժեշտ է Կոնգրեսի հավանությունը մեր հայտին։ Կարծում ենք՝ ԱՄՆ ղեկավարության մոտեցումը դրական կլինի։ Բացասական պատասխանի դեպքում Թուրքիան ստիպված կլինի դիտարկել այլընտրանքային տարբերակներ», - խորհրդարանում բյուջեի շուրջ քննարկումներին նվիրված նիստին հայտարարել է նախարարը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ այլընտրանք է դիտարկում Անկարան։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով վերջերս Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: