Մատչելիության հղումներ

Թուրքիան պետք է ԱՄՆ-ից ռազմական F-16 օդանավ գնելու զրո հնարավորություն ունենա. Չուլջյան


Թուրքիան պետք է Միացյալ Նահանգներից ռազմական F-16 օդանավ գնելու զրո հնարավորություն ունենա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Հայ դատի հանձնախումբը պիտի հսկայական աշխատանք տանի, որպեսի այն կանգնեցնի, ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը՝ շեշտելով՝ սա տարածաշրջանի խաղաղության հարց է։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով վերջերս Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար:

Հոկտեմբերի վերջին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Էրդողան-Բայդեն հանդիպում։ Էրդողանը բարձրացրեց F-35-ների համար վճարված 1 մլդ 400 մլն դոլարի վերադարձի կամ գումարի դիմաց ավելի հին սերնդի F-16 կործանիչներ ստանալու հարցը: Թուրքիայի նախագահի խոսքով, Բայդենը այս հարցում բացասական մոտեցում չունի և խոստացել է ջանքեր գործադրել խնդրի հանգուցալուծման ուղղությամբ, բայց նաև նշել է, որ գործընթացը կարող է երկարել, քանի որ նախագիծը պետք է նախ հավանության արժանանա Կոնգրեսի երկու մարմիններում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում և շանսերը 50-50 են:

Հիշեցնելով, որ F-16-երն 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, հիշեցնելով նաև, որ թուրքական կառավարությունն անօդաչու սարքերում կիրառել է ամերիկյան տեխնոլոգիա՝ Չուլջյանն ընդգծեց՝ որևէ պատճառ չկա, որ ամերիկյան կառավարությունը նույնիսկ մտածի F-16-երը Թուրքիային վաճառելու շուրջ։

«Կոնգրեսում հստակ ղեկավարներ կան, որոնք մտահոգված են սրա շուրջ։ Վերջին շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների տան երկու տարբեր կոնգրեսականներ նամակներ են ուղարկել Բայադենի ղեկավարություն՝ հաշվետվություն պահանջելով, թե ինչու են նույնիսկ քննարկում այս հարցը, երբ պետք է ի սկզբանե պատասխանը ոչ լինի՝ նկատի ունենալով Թուրքիայի դիրքորոշումը։ Ամերիկյան կոնգրեսականները հստակ քայլեր են արել նաև՝ հաշվետվություն պահանջելով ամերիկյան տեխնոլոգիայի օգտագործման վերաբերյալ թուրքական անօդաչու սարքերի մեջ, որոնք, ինչպես ասացի, օգտագործվել են անմեղ քաղաքացիների դեմ 2020-ի պատերազմի ընթացքում», - ասաց կառույցի խոսնակը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող ե դիտել այստեղ

XS
SM
MD
LG