ԱԺ-ն փակ նիստում կքննարկի ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրը․ ընդդիմադիրների համար ձևաչափն անընդունելի է

Ազգային ժողովն այսօր փակ նիստում կքննարկի ռազմագերիների, պատանդների անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրը։

Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ-հինգերորդն էր պաշտոնական գրությամբ հրատապ թեմայով քննարկում առաջարկել։ Որոշումն ընդունվեց 61 կողմ ձայնով։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին, նախքան քվեարկությունը, նրանք բոյկոտել էին նիստն ու լքեցին դահլիճը։

Հարակից զեկուցողները կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները․ այս որոշումը ևս քվեարկությամբ ընդունվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»․ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

«Փակ նիստը հետապնդում է մի նպատակ, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը»

Ընդդիմադիր խմբակցություններն անընդունելի են համարում նիստի փակ անցկացումը՝ իշխանություններին մեղադրելով անգործությունը թաքցնելու մեջ։

«Մեզ համար անթույլատրելի է նման նիստի փակ կազմակերպումը, և հասցեատերն այս պահին այդ մարդկանց հարազատներն էին, որոնք այս գերատեսչությունից այն գերատեսչություն են գնում, որպեսզի հարցերի պատասխանները ստանան, իսկ իշխանությունները որոշում են, որ այս նիստը պետք է փակ ընթանա։ Իրականում փակ նիստը հետապնդում է մի նպատակ, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով նաև քննարկման նախաձեռնողներից է։

Ընդգծելով հարցի կարևորությունը՝ Գրիգորյանը վերահաստատեց՝ հարցով զբաղվելու են հետևողականորեն, սակայն փակ քննարկումն իրենց համար անընդունելի է։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Հստակ ժամկետ, սակայն, չի ամրագրում։ Հայտարարությունից մեկ տարի անց էլ դեռ գերության մեջ գտնվողներ կան։ Թե կոնկրետ քանի հայ գերի է մնում Ադրբեջանի բանտերում, պաշտոնական Երևանը չի հստակեցնում։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանի պնդմամբ՝ կան հստակ ապացույցներ, որ Բաքվում պահվող հայերի թիվն առնվազն 3 անգամ շատ է և հասնում է 120-ի։Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Բաքուն շարունակում է պնդել, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվում հասկացանք, որ շատ գերի կա». գերիների հստակ թիվ դեռ չկա, կան խոստումներ