ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը, նշում են նրանք:
Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Ադրբեջանական ուժերը երեկ ներխուժել են Հայաստանի տարածք՝ արևելյան տեղամասերից մեկում, այսօր կեսօրին հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ Ըստ հայկական կողմի` ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները նույնպես դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:
Բաքուն հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին հայկական կողմի հայտարարությունները և պնդում, որ իր բանակը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանում կայունության հասնելը սատարելու համար Արարատ Միրզոյանը հորդորում է տեսլական արտահայտել` առանց երկակի ստանդարտների