Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում կայունության հասնելը սատարելու համար Արարատ Միրզոյանը հորդորում է տեսլական արտահայտել` առանց երկակի ստանդարտների


Հայաստանի արտգործնախարարը միջազգային գործընկերներին կոչ է արել զերծ մնալ երկակի ստանդարտներից` տարածաշրջանում կայունության հասնելու համար: Այս մասին նա խոսել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը` նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։

«Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն», - ասել է Արարատ Միրզոյանը` շարունակելով.

«Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը:

«Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության», - ասել է նա` շեշտելով, որ Բաքվում հայ ռազմագերիներ են պահվում, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման դեպքեր են գրանցվում, որի վերջին փորձը տեղի ունեցավ երեկ։

Բաքուն, հիշեցնենք, հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ հայկական կողմի հայտարարությունները և պնդում, որ բանակը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։

Ըստ նրա` Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կոչ է արել բոլոր նրանց, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։

XS
SM
MD
LG