«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ժամը 18:00-ի դրությամբ ուղարկել է մեկ դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջով։
Դաշինքը ներկայացրել է մինչև այս ժամը կատարած արձանագրումները:
Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 53%-ում (17 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 54 դեպք: Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 12.5%-ում (4 տեղամաս):
Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, որոնցից մեկի դեպքում ընտրողը բացականչել է կուսակցության կարգախոսը, իսկ մեկ այլ դեպքում բարձրաձայն քննադատել ընդդիմադիր թեկնածուին:
Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային բնույթ է կրել մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը: Միաժամանակ, եթե մյուս համայնքներում պարբերաբար նկատվում էին քարոզչական պաստառներով կայանված կամ առանձին տեղաշարժվող մեքենաներ, Ստեփանավան համայնքում դիտարկվել է ԲՀԿ քարոզչական պաստառներով մեքենաների մի ամբողջ շարասյուն, որը շրջագայում էր տարբեր տեղամասերով և քաղաքով, հայտարարում է «Անկախ դիտորդը»:
Դիտարկված տեղամասերից 2-ում արձանագրվել է վիճաբանության 2 դեպք: Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն եղել։
Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է Կապան և Իջևան համայնքների 3 տեղամասերում, ընդ որում՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի դեպքում ավտոբուսով քվեարկության էին բերվել մի քանի խումբ՝ Կայան գյուղի բնակիչները, հաղորդում է դաշինքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՀայաստանի մի քանի համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:
Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Ստեփանավանում, Կապանում և Իջևանում: Լոռու մարզի Լերմոնտովո և Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: