Մատչելիության հղումներ

Հայաստանի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են


Հայաստանի մի քանի համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Ստեփանավանում, Կապանում և Իջևանում: Քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին կամ դաշինքներին, քաղաքական ուժը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Ստեփանավանում առաջադրվել են «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Քաղաքացիական պայմանագիրը»:

Կապանում մրցապայքարի մեջ են մտել «Շանթ» դաշինքն ու ՔՊ-ն:

Իջևանում երկու քաղաքական ուժ է պայքարում` Հայ յեղափոխական դաշնակցությունն ու իշխող կուսակցությունը:

Լոռու մարզի Լերմոնտովո և Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:

ՏԻՄ ընտրություններ էին կայացել հոկտեմբերի 17-ին:

Մի քանի այլ համայնքներում ընտրություններ են նշանակված դեկտեմբերի 5-ին:

XS
SM
MD
LG