Ռուս խաղաղապահների կողմից ձերբակալված Ստեփանակերտի բնակիչը Արցախի քննչական կոմիտեում է

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Արցախի Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ ռուս խաղաղապահների կողմից ձերբակալված Արցախի բնակիչ Նորայր Միրզոյանը գտնվում է Արցախի քննչական կոմիտեում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին. ադրբեջանական կողմը հաղորդում է 3 զինծառայողի վիրավորվելու մասին

Ավելի վաղ հայտնի դարձավ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ նռնակ նետած քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, որտեղից իրեն փոխանցել են, որ Նորայր Միրզոյանը իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին:

Ադրբեջանի իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով ադրբեջանի ԶՈՒ երեք զինծառայող է վիրավորում ստացել: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության, քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման» մեղադրանքով: