Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ մի քաղաքացի պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ, հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Միջադեպի հետևանքով այսօր առավոտյան մոտ 2 ժամ փակ է եղել Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ - Շուշի - Բերձոր ճանապարհը։ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով՝ միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալել են նռնակ նետած Արցախի բնակիչ 46-ամյա Նորայր Միրզոյանին։
«Բարեբախտաբար, հայկական կողմը ոչ մի կորուստ չունի, հարցն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեի տիրույթում, մյուս մանրամասները, կարծում եմ, կհաղորդեն իրենք: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց ադրբեջանական կողմը այդտեղով անցնող հայկական մեքենաների ուղղությամբ միշտ էլ սադրում է՝ կա՛մ ծիծաղում են, կա՛մ ձեռքերով են ինչ-որ բաներ ցույց տալիս, և դա վիրավորական է մեզ համար: Այսինքն արժանապատվության հարց է այստեղ, և Նորայրն էլ փորձել է այդ տարբերակով լուծել իր վրեժը», - նշեց Թադևոսյանը:
Ադրբեջանի իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով ադրբեջանի ԶՈՒ երեք զինծառայող է վիրավորում ստացել: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության, քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման» մեղադրանքով:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ նռնակ նետած քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, որտեղից իրեն փոխանցել են, որ Նորայր Միրզոյանը իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին:
Տեղեկությունը, թե նռնակ նետած քաղաքացին ազգակցական կապ ունի Շուշիի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողի կողմից օրեր առաջ սպանված 22-ամյա արցախցու հետ, պաշտոնական աղբյուրները չեն հաստատում։ «Նորայրը որևէ ազգակցական կապ չունի Մարտիկի հետ, պարզապես այդ հողի վրա է տեղի ունեցել ամեն ինչ, դրա համար ենթադրում եմ, որ եղբայրն է կամ բարեկամը, բայց, նախնական տվյալներով, իրենք ազգականներ չեն», - ասաց Հունան Թադևոսյանը:
Արդեն օրվա վերջում Արցախի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը՝ Նորայր Միրզոյանը գտնվում է Արցախի Քննչական կոմիտեում:
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանական զինված ուժերի անպատիժ մնացած գործողություններն ու պնդում՝ ստեղծված իրավիճակը հենց դրա հետևանք է:
«Միջադեպերի կանխարգելման կամ նույնիսկ արձագանքման նորմալ մեխանիզմներ չկան մինչ այսօր: Ռուս խաղաղապահ առաքելությունը իր արձագանքների մեջ բավականին մեղմ է, ինչը լկտիացնում է ադրբեջանական կողմին: Հասարակության մոտ հուսահատության մթնոլորտ է ստեղծվում, իսկ հուսահատությունը ծնում է այսպիսի միջադեպեր», - ասաց քաղաքագետ:
Նոյեմբերի 8 -ին ադրբեջանցիները կրակ էին բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, 22-ամյա Մարտիկ Երեմյանը մահացել էր, ևս երեք հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց։ Մինչ այդ էլ հողագործական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախի Մարտակերտի շրջանում սպանվել էր արցախցի մի տրակտորիստ, ընդորում՝ սպանության պահին նրա կողքին նստած էր ռուս խաղաղապահներից մեկը։