«Ալեքսանդր Լուկաշենկոն տեսականորեն կարող է հանձնարարել փակել Եվրամիությանը մատակարարվող գազը, սակայն դա կլինի տրանզիտային պայմանագրի խախտում», - այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մեկնաբանելով դաշնակից երկրի ղեկավարի հնչեցրած սպառնալիքը` Պուտինը խոստացել է թեմայի շուրջ Լուկաշենկոյի հետ խոսել։
Բելառուսի առաջնորդը նոյեմբերի 11-ին սպառնացել է փակել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարը և Եվրամիությունը թողնել առանց գազի, եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-Բելառուս սահմաններին միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու ԹուրքիանԲելառուսի և Եվրամիության սահմաններին շաբաթներ շարունակվող ներգաղթյալների ճգնաժամը սրվել է անցած օրերին, երբ Բելառուսի տարածքից, բելառուս զինվորականների ուղեկցությամբ, հազարավոր ներգաղթյալներ հասել են Լեհաստանի սահմաններ և փորձել հատել այն։ Իրավիճակը մինչ օրս շարունակում է լարված մնալ։
Եվրամիությունը, արևմտյան մի շարք երկրներ պնդում են, որ Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման։ Բրյուսելը քննարկում է Բելառուսի, ինչպես նաև ներգաղթյալների տեղափոխման մեջ կասկածվող ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։