Սյունիքում ոչ թե հաց, այլ անվտանգություն են ուզում

Ադրբեջանական անցակետը Որոտան գյուղում

Որոտան գյուղի բնակիչ Նունե Բակունցն ասում է, որ գյուղում ով ալյուր ունի, հաց կթխի, բայց ճանապարհն անսպասելի է փակվել, ու քչերն ունեն պահեստավորած մթերք. - «Էրեկ հաց են ուղարկել, էսօր չկա։ Անտանելի վիճակում ենք... մեկը չի գալիս, ասի՝ գնանք-տենանք էն ժողովուրդը ինչ վիճակի են»։

Գորիս - Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածում մաքսային նոր կանոնների մասին ադրբեջանական կողմը հայտարարեց այն բանից հետո, երբ հայկական կողմը ավարտեց Տաթև - Աղվանի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ Այս մայրուղին, սակայն, փրկություն չէ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի բնակիչների համար, քանի որ դրան միանալու համար ճանապարհներն անբարեկարգ են։
Որոտանից Գորիս այսօր մի «Ուրալ» է ճանապարհվել ու մնացել ճանապարհին։

«Շատ ահավոր վիճակ ա ճանապարհը՝ ցեխ, քարքարոտ։ Թեթև ավտոն չի գնա», - ասում է որոտանցի կինը։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ երկու օր է` համոզում են՝ այդ գյուղերը շրջափակման մեջ չեն, ունեն անցանելի ճանապարհներ։

«Ոչ մի բնակավայր շրջափակման մեջ չի մնացել, գրունտային ճանապարհները կան։ Բնականաբար, որոշակի դժվարություններ կարող են լինել, բայց դրանք բոլորը հաղթահարելի են», - երեկ «Ազատության» եթերում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ․ Ռուբեն Ռուբինյան

«Եթե ես էսօր չեմ կարողանում տասնհինգ-քսան րոպեից քաղաք հասնեմ իմ անձնական հարցերով, հիվանդանոցի հետ կապված, չի նշանակո՞ւմ, որ ես շրջափակման մեջ եմ», - տարակուսում է Որոտանի բնակիչ Անահիտ Բունիաթյանը։

Բունիաթյանը Որոտանի դպրոցի ուսուցիչներից է, ասում է` 11 հոգի Գորիսից էր գալիս այստեղ դասավանդելու, 15 րոպեի ճանապարհ էր։ Այսօր հեռավար են դաս անցկացրել։ Երկուշաբթի Գորիսից եկող ուսուցիչները պետք է «Վիլիս» գտնեն, որ կարողանան Խոտ գյուղով մտնել Որոտան՝ մեկուկես ժամում։

«Խոսում են վերանորոգված ճանապարհի մասին, բայց ճանապարհի 30 տոկոսը սկի վերանորոգված չի... Լրիվ կավահող, ցեխ։ Ցանկացած մեքենայի դեպքում էլ էդ անհաղթահարելի խոչընդոտները մնում են անհաղթահարելի», - ասում է Անահիտը։

Ճանապարհն անցանելի է միայն «Վիլիսների», զինվորական «Ուրալների» և անասունների համար։

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացանք, որ Որոտան - Խոտ, Քաշունի - Բարձրավան, Տանձավեր - Շուռնուխ ճանապարհների շինարարությունն սկսվել է այս տարի, ասֆալտապատման աշխատանքը կմնա եկող տարվա գարնանը։ Դեպարտամենտում էլ են այն կարծիքին, որ բոլոր գյուղերը ունեն անցանելի ճանապարհներ, բայց չեն կոնկրետացնում ՝ ինչպիսի տրանսպորտի համար է անցանելի։

«Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են», - ասում է Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. Սանոսյան

Դեպարտամենտի տվյալով, շուրջ 500 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա է այժմ պետությունը աշխատանք կատարում։

Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի հատվածները միասին 33 կիլոմետր է ընդամենը, ինչո՞ւ այդ ճանապարհները ավելի վաղ չեն կարգի բերվել։ Այս հարցը փոխվարչապետին տվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանցիները փակել էին նույն` Գորիս - Կապան միջպետական ճանապարհը։ Սուրեն Պապիկյանն ասաց. - «Չենք դանդաղել, բայց որ չենք կանխատեսել, գուցե դրանում որոշակի խնդիր կա»։
Այնինչ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարի` Հանրայինին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ հայկական կողմը Գորիս - Կապան ճանապարհի ադրբեջանական դարձած հատվածը ժամանակավոր էր օգտագործում, մինչև շրջանցիկ Տաթև - Աղվանին պատրաստ լինի։

«Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ ,եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը, մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը», - ասել էր Արմեն Գրիգորյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմն սկսել է ճանապարհի «Էյվազլիի հատվածում հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ». վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն այսօրվանից Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի. Արմեն Գրիգորյան

Նույն ճանապարհահատվածի վերաբերյալ բոլորովին այլ պայմանավորվածության մասին է խոսել Հայաստանի վարչապետը երկու ամսի առաջ` խորհրդարանական ամբիոնից. - «Այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»,֊ասել էր Փաշինյանը։

Որոտանցիները հիմա գյուղից Գորիս, մարզկենտրոն, մայրաքաղաք, որևէ տեղ դուրս գալու համար պիտի «Վիլիս» կամ` զինվորական «Ուրալ» փնտրեն։ Սրտնեղում են ոչ այնքան ուշացող մթերքի, այլ հենց գյուղի մուտքի մոտ ընդարձակվող ադրբեջանական ենթակառուցվածքների պատճառով։

«Պատրաստ ենք ամիսներով սոված գոյատևել, մենակ թե լուծվի մեր ճանապարհային և անվտանգության խնդիրները», - ասում է Անահիտ Բունիաթյանը։