Արևմուտքը և Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի դեմ նոր ագրեսիա սկսելու ծրագրերի մեջ։ Մոսկվան մեղադրանքը հերքում է և պնդում, որ նման մտադրություններ չունի։
Նոյեմբերի 15-ին Եվրամիության երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղափոխման հարցը և հնարավոր պատասխան միջոցները: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Պետեր Ստանոն: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն անհանգստացած են ստեղծված իրավիճակով և կոչ են անում Մոսկվայի հստակեցնել իր մտադրությունները: Կրեմլում անհիմն են համարում Ուկրաինա ներխուժելու կասկածները։
Ուկրաինայի թեման նաև այսօր մեկնարկած ռուս-ֆրանսիական բանակցությունների օրակարգում է։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայրարարել էր, թե ստիպված է լինելու քննարկել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ Ուկրաինայի հարցը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին Վաշինգտոնում հայտարարել է, թե Ռուսաստանը, հնարավոր է, նպատակներ ունի ներխուժել Ուկրաինայի տարածք՝ հստակեցնելով, թե Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանը մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել, ինչը կարող հենց այս մասին վկայել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվայի մտադրությունները ուկրաինական սահմանի մոտ զորքերի տեղաշարժի վերաբերյալ անորոշ են, սակայն Ուկրաինայի դեմ նոր ագրեսիայի սանձազերծումը Ռուսաստանի համար լուրջ սխալ կլինի:
Բլինկենն ասել է․ - «Մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանը կարող է լուրջ սխալ թույլ տալ և փորձել կրկնել այն, ինչ արել է 2014 թվականին, երբ ուժ էր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, հատել է այն և ներթափանցել Ուկրաինայի ինքնիշխան տարածք՝ միևնույն ժամանակ կեղծ հայտարարելով, թե իրեն հրահրել են», - ասել է Բլինկենը Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Բլինկենը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսի հետ փոխգործակցությամբ կաշխատի Ուկրաինային հետագա ռազմական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգների ռազմական օգնության երրորդ չափաբաժինը հասել է ՈւկրաինաՊաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է Բլինկենի այս հայտարարությանը՝ պնդելով, թե Կիևին հարձակողական զենք մատակարարելը կխորացնի ճգնաժամը Ուկրաինայի հարավ-արևելքում։ Նման հայտարարություն, մասնավորապես, արել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
Bloomberg գործակալության տվյալներով, ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցների հետ կիսել է իր մտավախությունն առ այն, որ հնարավոր է, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի և էներգակիրների մատակարարման շուրջ Մոսկվայի և Բրյուսելի միջև տարաձայնությունների խորացման ֆոնին:
Ռուսաստանը հայտարարում է, որ սեփական տարածքում զորքերի տեղակայումն իր ներքին գործն է, և հերքում է որևէ ագրեսիվ մտադրություն՝ միաժամանակ շեշտելով, որ Սև ծով այս շաբաթ ամերիկյան ռազմանավերի մի խումբ է մտել՝ դրանով իսկ Միացյալ Նահանգներին մեղադրելով Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը «դատարկ ճնշում» է որակել Bloomberg-ի հոդվածը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իբր Մոսկվան Ուկրաինայի դեմ ագրեսիայի ծրագրեր ունի, և փոխարենը Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրել է Սև ծովում ռազմական ակտիվությունն ավելացնելու մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը ստիպված է պատասխան քայլեր ձեռնարկել:
Այս տարվա գարնանը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մեղադրեցին Ռուսաստանին Ուկրաինայի սահմանին մոտ զինված ուժերի, տանկերի ու մարտական ավիացիայի զգալի կուտակման մեջ։ Լարվածությունը թուլացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին և առաջարկել համատեղ հանդիպում անցկացնել, որն էլ տեղի է ունեցել հունիսին, հիշեցնում Է գործակալությունը:
Վերջին շրջանում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի նոր կուտակումների մասին առաջինը հայտնել էր Washington Post թերթը։ Պարբերականի կողմից հարցված ռազմական վերլուծաբանները պնդել էին, որ Ուկրաինայի հետ սահմանին զորքի կուտակումը Ռուսաստանը սկսել է դեռ սեպտեմբերի կեսերին։ Ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» համատեղ զորավարժություններից հետո զինվորականներին չեն վերադարձրել սովորական տեղակայման վայրեր, այլ սկսել են տեղափոխել ռուս-ուկրաինական սահման: Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սահմանի մոտ այժմ գտնվում է շուրջ 90 հազար ռուս զինվորական:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովան «ֆեյք» է անվանել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքի մոտեցնելու մասին լուրերըՌուսաստանցի փորձագետները սակայն պնդում ե, թե քանի դեռ Եվրոպան էներգետիկ կախվածության մեջ է ռուսական գազից և շարունակում է գազ գնել Ռուսաստանից, Մոսկվան չի գնա Արևմուտքի հետ լարված հարաբերությունների է'լ ավելի սրմանը, իսկ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ռուսական ցանկացած քայլ այսօր կարող է բերել Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների ամբողջական սառեցմանը, ինչին պատրաստ չեն ո'չ Մոսկվան, ո'չ էլ Եվրոպան։