Եվրոպական մի շարք երկրներ հավելյալ սահմանափակումներ են մտցնում՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման ֆոնին։
Ակնկալվում է, որ այսօր Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի մասնակի լոքդաունի գնալու մասին։ Երկրում երեկ արձանագրվել է վարակի ավելի քան 16 հազար նոր դեպք, ինչն օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր։ Ըստ լրատվամիջոցների՝ ակնկալվում է, որ երեք շաբաթով կփակվեն կինոթատրոնները, ռեստորանները և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, մարզական հանդիպումները կդադարեցվեն։
Դեպքերի աճը տեղի է ունենում՝ չնայած Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիդերլանդներում քննարկում են հակահամաճարակային սահմանափակումների հարցըԿորոնավիրուսային սահմանափակումները հանելուց երկու ամիս անց՝ նաև Դանիան է խստացումներ մտցնում։ Այսօրվանից երկրում անհնար կլինի գիշերային ակումբ, ռեստորան ու սրճարան մտնել առանց պատվաստման վկայագրի։ Պահանջը վերաբերում է 15 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին։
Հինգերորդ օրն է՝ նոր դեպքերի շարունակական աճ է գրանցվում նաև Գերմանիայում։ Համաճարակների դեմ պայքարի կենտրոնը կոչ է արել խուսափել զանգվածային հավաքներից և սահմանափակել շփումները։ Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ վաղվանից երկրում կրկին COVID-19-ի անվճար թեստեր կբաժանվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան կրկին կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնում է, զգուշացնում է ԱՀԿ-ը