Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Զելենսկին, իր իսկ փոխանցմամբ, ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները «պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան»։
«Ես խնդրել եմ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ թողնել իր մորը, հարազատներին, ինչպես նաև ուկրաինացի բժիշկներին», - գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում։
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս առաջ և հացադուլ սկսել։ Երեկ Միխել Սաակաշվիլին հայտարարել է, թե համաձայն է դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։