Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում բարձրացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը

Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին, ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին` ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են», - հայտարարել է Արարատ Միրզոյանը Փարիզում։

Շուրջ մեկ տարի է նաև ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին, նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ըստ նրա` Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի մշակույթի նախարարի համոզմամբ, հայկական հուշարձանների ոչնչացմամբ Ադրբեջանը տարածքները լեգիտիմացնելու քայլեր է անում

Արարատ Միրզոյանը նաև շեշտել է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչի արդյունքում Ղարաբաղի ավելի քան 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ Այս մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցում է նշվում։ 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։