Գորիսի փոխքաղաքապետը կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Սևակ Համբարձումյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Որոշվել է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` խափանման միջոց 30 մլն դրամ գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը և կիրառել կալանավորում։ 30 միլիոնը 30 կոպեկ չի և լուրջ երաշխիք է, որ մարդը որևէ բան չի անի։ Ավելի քան մի ամիս է` Մենուա Հովսեփյանը ազատության մեջ է և որևէ խնդիր չի առաջացել», - նշեց փաստաբանը։

Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Փաստաբանը հայտարարեց` նա մեղադրանքը չի ընդունում, և սա քաղաքական հետապնդում են համարում. «Կիրակի` Կապանի ընտրություններից առաջ կայացված քաղաքական որոշում է` մյուսներին վախեցնելու նպատակով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխող կուսակցությունը պարտվեց Գորիսում և Մեղրիում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չկալանավորվեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են