Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն այսօր հայտարարել է, որ Եվրոպական միության սահմանների մոտ ապօրինի փախստականների կուտակումը «հիբրիդային պատերազմ» է, այլ ոչ թե մարդասիրական ճգնաժամ:
«Դա Մինսկի կողմից ծրագրված էր հենց որպես «հիբրիդային պատերազմ», ի սկզբանե այդպես էր»,- ասել է Պաբրիկսը Լատվիայի ռադիոյի թղթակցին:
Նրա համոզմամբ, Բալթյան երկրները և Լեհաստանը ոչ մի դեպքում չպետք է ընդունեն այդ փախստականներին, որոնց դեպի Եվրամիության սահմաններ է ուղղորդում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը:
Սահմանի մոտ են տեղակայվել Լեհաստանի բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Շաբաթներ առաջ փախստականների խմբերը փորձել են Բելառուսից անցնել նաև Լիտվայի տարածք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի և Լեհաստանի սահմաններին իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալԼեհաստանի հատուկ ծառայությունների փոխանցմամբ, այսօրվա դրությամբ Բելառուսի տարածքում գտնվում է մոտ 15 հազար փախստական, նրանցից 2-ից 4 հազարը հայտնվել են անմիջապես Լեհաստանի սահմանի մոտակայքում:
Եվրամիությունը հայտարարում է, որ Բելառուսի կառավարությունը միտումնավոր է փախստականներին ուղղորդում դեպի Եվրամիության սահմաններ, փորձելով այդպես թե՛ վրեժ լուծել սահմանված պատժամիջոցների համար և թե՛ լարվածություն առաջացնել եվրոպական երկրների հարաբերություններում:
Ըստ եվրոպացի գործիչների, սահմաններին կուտակված փախստականները Մինսկի ծրագրած անմարդկային քաղաքականության զոհերն են: