10 քաղաքական ուժեր այսօր Վանաձորում քարոզարշավ սկսեցին։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերի շարքում են ինչպես նորաստեղծ, այնպես էլ վաղուց գործող, բայց վերջին տարիներին ակտիվություն չցուցաբերած, որոշ դեպքերում Վանաձորում անգամ անհայտ կուսակցություններ։
Մինչդեռ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից որևէ մեկը չի մասնակցում Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի ընտրություններին։ Համենայն դեպս, որևէ թեկնածուի սատարելու մասին հայտարարություն չեն արել։ 5 տարի Վանաձորում իշխանություն ունեցած Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին։ Ավելին, ավագանու Հանրապետական խմբակցության նախկին անդամները այլ քաղաքական ուժերի, հիմնականում 2016-ին համայնքապետ դարձած Մամիկոն Ասլանյանի գլխավորած ընտրական ցուցակում են որպես անկուսակցականներ, կամ Ասլանյանի գլխավորած դաշինքի մաս կազմող կուսակցությունների անդամներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրություններին առաջադրվել է 9 կուսակցություն և 1 դաշինք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նախկին համայնքապետը դեռևս չի հայտնում՝ ովքեր են իր թիմակիցները, ՔՊ թեկնածուն կասկածներ ունի այդ մասինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նախկին քաղաքապետը ընտրություններին կմասնակցի առանց ՀՀԿ-ի` «Ասլանյան դաշինքով»
Մամիկոն Ասլանյանը, որ հեղափոխությունից հետո գոնե առերևույթ չի մասնակցել քաղաքական պրոցեսներին, գլխավորում է իր անունով ստեղծված դաշինքը։ Դաշինքի մաս են կազմում Ազատ դեմոկրատներ և նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Սա Վանաձորի ընտրություններին մասնակցող միակ դաշինքն է։ Քարոզարշավի առաջին օրը Մամիկոն Ասլանյանը հրաժարվեց հարցազրույցից։
Մինչդեռ նրա մրցակիցներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Խաչատրյանը համոզված է, որ նախկին համայնքապետին քողարկված սատարում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը. - «Սա քողարկված քոչարյանասերժական, դաշնակցական կոալիցիան է, դաշինքն է, այսինքն՝ իրենք փորձում են քողարկել, ժողովրդին ցույց տալ, որ առնչություն չունեն, բայց իրականում այդպես չէ»։
Վանաձորի ավագանու Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Վահե Դոխոյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության թեկնածուն է։ Նա կուսակցության հիմնադրումից ի վեր Լոռու մարզային կառույցի ղեկավարն է։
Դոխոյանի խոսքով, Ազգային ժողովում իրենց կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցությունից աջակցություն չունեն, ընտրությունների գնում են առանց համագործակցության. - «Մենք այս ընտրություններին մասնակցում ենք լրիվ առանձին։ Մեզ ոչ մի այլ քաղաքական ուժ աջակցություն, թե' առերևույթ, թե' ոչ պաշտոնական, չի ցուցաբերում։ Էնպես որ, ընտրությունների արդյունքից կախված, մենք որոշում կկայացնենք, թե մեզ ով է միանալու, կամ մենք ում ենք միանալու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նախկին համայնքապետը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանց ՀՀԿ-ի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վանաձորի ավագանու որևէ անդամ երբևէ պատասխան չի տվել իր քվեարկության համար». ԼՀԿ անդամը՝ համամասնականի լավ ու վատ կողմերի մասինԱյսօր վանաձորցիներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրին ավագանու ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
«Լուսավոր Հայաստանն» ացած 5 տարիներին Վանաձորի ավագանիում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ուներ։ Կուսակցության ցուցակը գլխավորող Հրանտ Այվազյանը նախկին պատգամավոր էր։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե այն, որ «Լուսավոր Հայաստանը» հունիսին կայացած ընտրություններին չհաղթահարեց անցողիկ շեմն ու ԱԺ չմտավ, չի անդրադառնա իրենց արդյունքների վրա տեղական ընտրությունների դեպքում. - «Ես չեմ կարծում, որ մենք Ազգային ժողովում տապալվեցինք, պարզապես մենք չընդգրկվեցինք ներկա խորհրդարանում։ Այն ժամանակահատվածում մարտահրավերները այլ էին, խնդիրները այլ էին, մոտեցումները այլն էին, իսկ սա ՏԻՄ ընտրություններ են, և ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, ՏԻՄ ընտրությունների մոտեցումները այլ են։ Կարծում եմ, Ազգային ժողովի ընտրությունները չեն անդրադառնա տեղական ընտրությունների վրա»։
«Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ Մանե Թանդիլյանի ղեկավարած նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտտրություններին արդեն 5 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմն ու խմբակցություններ ձևավորել ավագանիների կազմում։
Վանաձորում կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է գործարար Արտավազդ Ալավերդյանը։ Այսօր ներկայացրին իրենց ծրագիրն ու նշեցին, որ ուզում են գալ իշխանության, քանի որ նախկինում Վանաձորն ապրելու քաղաք դարձնելու մյուսների գործը ձախողված են համարում. - «Մեր թիմի բացարձակ մեծամասնություն մինչ այժմ չի զբաղվել քաղաքականությամբ, քանի որ մեր երկրի համար կարևոր այդ գործը մենք միշտ պատվիրակել ենք ուրիշ անձանց։ Սակայն մեր օրերում տեսնելով, որ այդ կարևոր գործը ձախողվում է, և ունենալով ներքին մեծ մղում մեր ապագա սերունդներին ժառանգելի ապրելու երկիր՝ մենք լծվել ենք այս պատասխանատու գործին»։
Վանաձորի ընտրություններին մասնակցում են նաև Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանն» ու Կոմունիստական կուսակցությունը։