Մատչելիության հղումներ

«Վանաձորի ավագանու որևէ անդամ երբևէ պատասխան չի տվել իր քվեարկության համար». ԼՀԿ անդամը՝ համամասնականի լավ ու վատ կողմերի մասին


Անցած 5 տարիները ցույց տվեցին համայնքներում համամասնական ընտրակարգով ձևավորված քաղաքային իշխանության լավ ու վատ կողմերը, ասում է Վանաձոր համայնքի ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Հայկազ Սիմիկյանը։

Լավ կողմերից մեկն, ըստ ավագանու անդամի, այն է, որ համամասնական ընտրակարգն ինչ-որ չափով բացառեց անձնական խնդիրների լուծմանը միտված ավագանու գործունեությունը։ Նախկինում համայնքի ավագանու անդամ էին դառնում միայն իրենց տարածքի կամ այլ անձնական խնդիրներն առաջ տանելու և դրանք իրենց օգտին լուծելու համար, ասում է Հայկազ Սիմիկյանը, բայց նաև չի եզրակացնում, թե համամասնական ընտրակարգի դեպքում այդ երևույթը լիովին վերացած է կամ որ այժմ ավագանին զուտ քաղաքի շահերից բխող որոշումներ է կայացնում։

Ընդդիմադիր գործիչն ասում է՝ համամասնականով ընտրված ավագանիում էլ իշխանության եկած կուսակցություններն առանց զսպումների ընդունել են որոշումներ, որոնք ընդդիմադիրների հակազդեցությանն են արժանացել, քանի որ դրանք դեմ են եղել հանրային շահերին։

«Կարաս պարզապես բղավես, կռիվ անես, լավագույն դեպքում աղմկես, բայց երբ որ գալիս է քվեարկելու պահը, ասում է՝ ավագանին եք, քվեարկեք, ոնց կքվեարկեք, այդպես էլ մենք հիմք կընդունենք։ Բնական է՝ քվեարկելուց, քանի որ ինքը մեծամասնություն է, ինքը կողմ է քվեարկել, և թեման փակվում է», - ասաց Սիմիկյանը։

Վանաձոր համայնքի ավագանու 10 հոգանոց խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանը դեպքեր է թվարկում, երբ ավագանին համայնքի առանձին տարածքներ կամ շինություններ որոշ ազդեցիկ մարդկանց անհատույց նվիրաբերելու և գույքահարկից ազատելու մասին որոշումներ է կայացրել։ Ընդդիմությունը հակազդել է, փորձել կանխել դա՝ որոշումը համարելով համայնքի շահերին հակասող ու աննպատակահարմար։ Բայց արդյունքի չի հասել. ավագանիում 5 տարի մեծամասնություն ունեցած Հանրապետական խմբակցության ձայները բավարարել են որոշումներն ընդունելու և տարածքները սեփականության իրավունքով անհատներին հանձնելու համար։

«Որտեղ մենք կարողանում ենք այսպես ասած լոբբինգ անել, կռիվ անել, չափից շատ աղմկել, այն քան շատ աղմուկը, որ ստիպված հետ են կանգնում, բայց ամբողջ քաղաքին մենք դառնում ենք վատամարդ, այդ մարդիկ համարում են, որ դու վատ մարդ ես, որովհետև չես ուզում քաղաքի եղածն իրանց նվեր տաս, էն մարդիկ դառնում են լավ մարդիկ, ովքեր ուզում էին քաղաքի եղածն իրանց նվեր տալ։ Երկրորդը՝ վառ օրինակ նախկին քաղաքապետի տարածքի գույքահարկի հետ կապված թեման, երբ որ մենք վիճեցինք, կռվեցինք, անգամ նիստից թողեցինք դուրս եկանք, նիստին չմասնակցեցինք, իրանք ընդամենն իրանց անդամներով քվեարկումն արեցին, ընդամենը 15 րոպեում, թե կես ժամվա մեջ, շուտ-շուտ կողմ քվեարկեցին, անցկացրին գնաց», - ընդգծեց նա։

Այս տարեսկզբին էլ՝ Վանաձորի ավագանին որոշեց կոռուպցիոն հանցանքների մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող 8 հարկանի նորակառույց շենքի նկատմամբ մոտ 4 միլիոն դրամի գույքահարկի պարտքը զիջել: Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի նշան բողոքի բոյկոտեց նիստը, չմասնակցեց քվեարկությանը՝ համարելով, որ մոտ կես միլիարդ դրամի չհավաքագրված հարկեր ունեցող համայնքի համար անընդունելի է գույքահարկից ազատել զգալի եկամուտներ ունեցող ընկերություններին։

«Ավագանու որևէ անդամ երբևէ պատասխան չի տվել իր լավ ու վատ քվեարկության համար։ Օրենքն այդպիսի մեխանիզմ չունի», - ափսոսում է ավագանու ընդդիմադիր անդամը և շեշտում, որ չեն գործում նաև հասարակական վերահսկողության մեխանիզմները։

«Լրատվամիջոցները գրեցին մի երկու-երեք հոգի, մարդիկ կարդացին ու անցան առաջ։ Իրականում մեր այդ աշխատանքը, կռիվը, ամեն ինչը որևէ ձևով չի կարա նյութականացվի, որովհետև մեխանիզմ չկա դրա դեմն առնելու։ Ավագանու մեծամասնությունը ըստ գործող օրենքի ճիշտ է», - ասաց Հայկազ Սիմիկյանը։

Վանաձորի արդեն նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում է։ Ըստ նրա, ավագանիում, ուր Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ունեցել, անցած 5 տարիներին թափանցիկություն և հաշվետվողականություն է եղել. «Մեր կողմից Վանաձորի ավագանու լիազորությունների իրականացման շրջանակում ապահովվել է բացառիկ ժողովրդավարություն և մտքերի փոխանակության, հայացքների բախման արդյունքում միշտ ծնվել են նորմալ մտքեր ու գաղափարներ»։

Միևնույն ժամանակ Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը կարծում է՝ ավելի լավ կլինի, որ համայնքի ղեկավարն ընտրվի ոչ թե ավագանու, այլ ուղիղ՝ հանրության կողմից։ Հանրապետական Ասլանյանը մշտապես հայտարարել է, որ ընտրվելուց հետո կուսակցական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական լինելն իր համար ընդամենը համայնքապետ դառնալու միջոց է եղել։

«Հենց համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրվի, ավագանին լինի համամասնական, որ ընտրական և այլ ինչ-որ փուլերում քաղաքը կառավարման կոլապս չունենա», - նշեց Ասլանյանը։

Վանաձորում առաջին անգամ 2016-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունեցան։ 10 օր առաջ վարչապետը Վանաձորում իշխող համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակեց՝ համարելով, որ գործող համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ուստի պետք է հեռանա պաշտոնից մինչև նոր ընտրություն։ Դա տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

XS
SM
MD
LG