Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը Վրաստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն տրամադրելու համար:
Մեկնաբանելով Սաակաշվիլիի և նրան բանտային հիվանդանոց տեղափոխելու շուրջ ստեղծված իրավիճակը՝ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է․ - «Մենք կրկին կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը Սաակաշվիլիի հետ վարվել արդար և արժանապատիվ՝ միջազգային չափանիշներին և վրացական օրենսդրությանը համապատասխան։ Ինչպես միշտ նման դեպքերում, կառավարությունը պատասխանատվություն է կրում բանտարկյալներին բռնությունից, ներառյալ՝ հոգեբանական բռնությունից պաշտպանելու, նրանց համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու և նրանց առողջության մասին անձնական տեղեկատվության չբացահայտման համար՝ վրացական օրենսդրության համաձայն»։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալեցին։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։
Բանտում Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, առողջական վիճակի պատճառով նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Վրաստանի երրորդ նախագահը պնդում է, որ նոր բանտ տեղափոխելիս իրեն ծեծի են ենթարկել։