Քասախ համայնքի ղեկավարը կալանավորվել է

Քասախի համայնքապետարանի շենքը, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը կալանավորվել է։

Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Քասախի համայնքապետի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն, տարբեր անձանց դրանց հետևանքով հասցված վնասը շուրջ 43 միլիոն դրամ է կազմում։

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի` «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», 314-րդ հոդվածի՝ «Պաշտոնեական կեղծիքը» և այլ հոդվածների հատկանիշներով։

Համայնքապետի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։ Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Քասախ համայնքի 61-ամյա ղեկավար Արա Մկրտչյանը Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՔԾ. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելԱննա Մկրտչյանի հոր՝ Քասախ համայնքի ղեկավարի անունը կապվում է երկու քրեական գործի հետՄեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու համար. ՔԿ