Մատչելիության հղումներ

Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախ համայնքի ղեկավարի անունը կապվում է երկու քրեական գործի հետ


Քասախի համայնքապետարանը, արխիվ
Քասախի համայնքապետարանը, արխիվ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սատարած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, վերջին օրերին խորհրդարանում թեժ իրադարձությունների կիզակետում հայտնված Աննա Մկրտչյանի գյուղապետ հոր անունը կապվում է երկու քրեական գործի հետ։

Վերջինի մասին երեկ հաղորդեց ոստիկանությունը։ Այն վերաբերում է Քասախ գյուղում առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերին։

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն այսօր մեր այցելության պահին աշխատանքի վայրում չէր, փոխանցեց՝ գործով դուրս է եկել։ Նրա փոխարեն հարցերին պատասխանեց աշխատակազմի քարտուղար, նրա եղբորորդի Նարեկ Մկրտչյանը՝ հերքելով ոստիկանության բացահայտումները։ Տարածած հաղորդագրությունում մատնանշվում է Արա Մկրտչյանի անունը։

«Մեղադրվում է այն բանով, որ ինչո՞ւ մեկնարկային գնից 1-2 բանով չեն արել, այլ արել են ավելի շատ քայլով, ավելի բարձր գնով աճուրդ, որը կայացել է օրենքի տառին համապատասխան, գրեթե գնվել են այդ հողերը իրենց մատնանշված կադաստրային արժեքից մի բան էլ ավելի արժեքով, որը համայնքի բյուջեին օգուտ է: Նշված գումարները այդ մարդիկ վճարել են համապատասխան բյուջետային հաշվեհամարին», - ասաց Նարեկ Մկրտչյանը:

Ըստ իրավապահների, 61-ամյա գյուղապետ Արա Մկրտչյանը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում 9600 քմ մակերեսով հողատարածքի մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ:

«Ապօրինություն գտնելը, ինձ թվում է, առավել քան անհնար է, որովհետև հնարավորինս օրենքի տառին համապատասխան իրականացվել են այդ աճուրդները», - ընդգծեց Քասախի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարը և նրա ստորադասներն այնպես են արել, որ աճուրդին մասնակցի իրենց հետ պայմանավորվածության եկած քաղաքացին, թղթերում մեկ քառակուսու արժեքը նշել են 2900 դրամը։ Հողատարածքները իրականում վաճառվել են 59 միլիոն դրամով, բայց փաստաթղթերում մոտ երկու անգամ պակաս գումար է նշվել՝ 28 միլիոն դրամ։ Ստացվում է, որ գնորդը նրանց առձեռն վճարել է 59 միլիոն դրամ, որից 31 միլիոն դրամը բյուջե մուտքագրելու փոխարեն յուրացվել է։

Մյուս քրեական գործը հունիսի 20-ի ընտրություններին է առնչվում։ Քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվել էր Քասախում գտնվող «Նևրոզների կլինիկայի» աշխատակիցների հետ գյուղապետի հանդիպման ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես է 30 տարի Քասախը ղեկավարած Մկրտչյանը հորդորում, խնդրում քվե տալ իր դստերը. «Չեք ուզում, ինձ չեք սիրում, նեղացրել եմ ձեզ, ձայն մի տվեք ինձ, բայց պարտադրում եմ՝ էս իմքայլական զոմբիներին ձայն մի տվեք»:

Գյուղապետի եղբորորդի, աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը ևս ներկա է եղել այդ հանդիպմանը, որևէ հանցագործության հորեղբոր արարքում չի տեսնում։

«Էդ ժամանակահատվածում ով քարոզարշավ է իրականացրել, իր առջև եղած ժողովրդին հարկադրել է, որ իրեն ընտրեն, դա էդպես չի կարող լինել, առավել ևս համայնքի ղեկավարի հետ ուղղակի կախվածության որևէ աղերս չունի Նևռոզների հիվանդանոցի աշխատակազմը: Այդ ժամանակահատվածում համայնքի ղեկավարը եղել է արձակուրդի մեջ և որպես կուսակցական քարոզարշավ է իրականացրել համայնքի տարածքում՝ հանդիպելով այդ կոլեկտիվի հետ», - ասաց գյուղապետի եղբորորդին:

«Ազատության» դիտարկմանը, որ գյուղապետն ասել է՝ «պարտադրում եմ՝ իմքայլական էս զոմբիներին ձայն մի տվեք», Մկրտչյանը արձագանքեց. «Ճիշտն ասած ես էս պահին չեմ հիշում այդ խոսքերը կոնկրետ այդպես են հնչել, թե ոչ, բայց եթե ես ասած լինեի, մեծ հաճույքով ձեզ կբացատրեի, թե ինչ եմ ասել»:

Հայտնի ձայնագրությունից հետո «Նևրոզների կլինիկայի» ղեկավար Ցոլակ Հակոբյանը ազատվեց աշխատանքից։ Ժողովին մասնակցած բժիշկներն ու բուժքույրերը չցանկացան մեզ հետ վերհիշել կատարվածը, բացառություն էր երկրորդ բաժանմունքի վարիչ Գոհար Սահակյանը, որը Քասախի գյուղապետի ազգականն է։

«Քննիչն էլ ՀՔԾ-ում, երբ որ ինձ հարցաքննել է, ես ասել եմ, եթե իմ երեխան էլ լիներ, ես նույն կերպ կվարվեի, այսինքն կգնայի իմ համագյուղացիների կխնդրեի իմ երեխային ընտրեն: Ընդ որում ինքը նորմալ գրագետ աղջիկ է, իր պապան էլ հպարտանալով, ընդամենը դա է եղել, այստեղ ուրիշ ինչ-որ ենթատեքստ չի եղել, և ինքը չի դրել ոչ մի բռնանալ, պարտադրել կամ վախեցնել, տենց բան չի եղել, ես ներկա եմ եղել», - ասաց Սահակյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ գյուղապետն ասել է՝ «պարտադրում եմ՝ իմքայլական էս զոմբիներին ձայն մի տվեք», Գոհար Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ լսել այդ ֆրազան, ճիշտն ասած, չեմ կարա ասեմ, չեմ ֆիքսել ես այդ ֆրազան»:

Հայտնի ձայնագրությունը իրավապահներին էր փոխանցել իշխող ուժի համակիր, ավագանու անդամ Արթուր Մարդանյանը. «Ինձ ասում էին, որ մանկապարտեզում նմանատիպ ելույթ է ունեցել, հետո դպրոցներում հրաժեշտի արարողության ժամանակ, դպրոցի վերջին զանգի արարողությունների ժամանակ, ինքը տոմսեր է բաժանում, այսինքն համայնքի ղեկավարի կողմից որպես նվեր ինքը բաժանել էր Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը»:

2019-ին համայնքի ավագանին Մարդանյանի և իշխող ուժի 5 համակիր ավագանու անդամների լիազորությունները դադարեցրել էր նիստերին չմասնակցելու և այլ պատճառներով։ 2018-ի հեղափոխությունից հետո նրանք պահանջում էին 30 տարվա գյուղապետի հրաժարականը։ Արտահերթի ժամանակ իշխող ուժի նախընտրական շտաբի համակարգողն էր։ Ասում է՝ «Պատիվ ունեմ»-ին սատարած համայնքի ղեկավարի կողմից շատ խախտումների մասին է տեղեկություններ ստացել, կարողացել է կանխել ընտրակաշառքի բաժանումը։

«Փաստացի երկու տարի համայնքը կաթվածահար վիճակին հասցրեց, ոչ իր համար, այլ բնակչի համար, իր համար բացարձակ կապ չուներ ավագանի կար, թե չկար, ինքը լիարժեք աշխատեց», - ասաց Մարդանյանը:

Շուրջ 6000 բնակիչ ունեցող Քասախը փաստացի երկու տարի ավագանի չունի, ավագանու լիազորությունների դադարեցման դեմ տարբեր դատական գործընթացներ կան, հարցը, հնարավոր է, լուծում ստանա աշնանը նոր ընտրություններով։ Ավագանի չունենալու պատճառով Քասախում այժմ առաջնորդվում են հենց 2019-ին ընդունված բյուջեով՝ հնարավորություն չունենալով նոր ծրագրեր իրագործել։ Կողմերը միմյանց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար:

Քասախի գյուղապետի դուստրը՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը հոր հետ կապված հարցերին խոստացավ անդրադառնալ վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG