Նախարարը հրատապ դեպքերի համար նախատեսված բժշկական ուղղաթիռով Սյունիք իր այցը «նպատակային» է համարում

«Սանավիացիայի ուղղաթիռով գործուղման մեկնելս նպատակային եմ համարում», - հայտարարում է առողջապահության նախարարը՝ ընդունելով, որ Սյունիք այցելել է հրատապ դեպքերի համար նախատեսված բժշկական ուղղաթիռով։ Այլ մանրամասներ Անահիտ Ավանեսյանը փոխանցել պարզապես չցանկացավ։

«Այո՛, գործուղվել եմ Սյունիք, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները։ Եթե այլ հարցեր ունեք, գրավոր կտաք, կպատասխանեմ», - ասաց նախարարը։

Անցած շաբաթ irakanum.am-ն էր գրել, թե նախարարը պետական բյուջեի հաշվին օգտագործել է սանավիցիան և մեկնել Սյունիք ու Տավուշ։

«Ազատության» հստակեցնող հարցին, թե Տավուշ և՞ս ուղղաթիռով է մեկնել, Ավանեսյանը դարձյալ հորդորեց գրավոր հարցում ուղարկել, բայցև չհերքեց Տավուշ մեկնելու հանգամանքը։

Գրավոր հարցում «Ազատությունն» արդեն ուղարկել էր նախարարություն՝ հասկանալու, թե այդ որ հրատապ հանգամա՞նքն է նախարարին ստիպել ոչ թե ծառայողական մեքենայով, այլ բժշկական հրատապ դեպքերի համար նախատեսված ուղղաթիռով մեկնել մարզեր։

Նախարարության պաշտոնական կայքում մեզ որևէ հրատապ այցի մասին հաղորդագրություն գտնել չհաջողվեց։ Մայիսի 17-ին Տավուշ այցի մասին կար հաղորդագրություն, որում, սակայն, ոչինչ չկար հրատապության մասին. հանդիպում մարզպետարանում, քննարկում պատվաստումներին վերաբերյալ, այց «Տավուշ» բժշկական կենտրոն։

«Ես կխնդրեմ դրա հետ կապված, եթե ունեք լրացուցիչ հարցեր, գրավոր դիմեք։ Վիճակներ, որոնք ենթադրում են դրա օգտագործում, հստակ նշված է, կարծում եմ հարցը անհասկանալի է», - ասաց նախարարը։

Ճշտող հարցին, թե իր ուղևորությունները սանավիացիոյով նպատակայի՞ն է համարում, Ավանեսյանը պատասխանեց․ - «Միանշանակ, եթե օգտվել եմ, այո՛, ուրեմն նպատակային եմ համարում»։

Սանավիացիան Հայաստանում ներդրվեց 2019 թվականին՝ պաշտոնական պարզաբանման համաձայն, կյանքեր փրկելու և հիվանդներին հաշված ժամերի ընթացքում հեռավոր մարզերից Երևան տեղափոխելու համար։

Այս ուղղաթիռով տեղափոխելու դեպքերի ցանկը առողջապահության նախարարությունն է սահմանել։ 8119-ից պարզաբանեցին՝ պետպատվերը կիրառվում է միայն բժշկի ցուցումով և հետևյալ հիվանդությունների դեպքում՝ գանգուղեղային և ողնաշարային ծանր վնասվածքներ, այսինքն՝ տրավմաներ, պոլիտրավմաներ, կյանքին սպառնացող վիճակ, հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

Եթե Ավանեսյանի և նրա անձնակազմի մոտ սանավիացիայով տեղափոխվելու բժշկի ցուցում չի եղել, ապա նրանք ուղղաթիռից կարող էին օգտվել միայն վճարովի տարբերակով։ 8119-ից, ուր զանգելիս ներկայացել էինք որպես քաղաքացի, որը ցանկանում է սանավիացիայի ինքնաթիռով մեկնել Սյունիք, պարզաբանեցին՝ թռիչքի մեկ րոպեն արժե 12 հազար դրամ, ստացվում է մեկ ժամը ավելի քան 700 հազար դրամ։ Երևանից Սյունիք ուղղաթիռով թռիչքը մոտավորապես մեկ ժամ է տևում։

- Իսկ, եթե հիվանդությունների ցանկում չկա՞։

- Դա արդեն վճարովի ծառայություն է, չեմ կարող ասել՝ դա կիրականացվի, թե՞՝ ոչ, մեկ րոպեն 12 հազար դրամ։

- Իսկ ո՞վ կարող է որոշել՝ կիրականացվի, թե՞՝ ոչ, ո՞ւմ հետ կարող ենք քննարկել։

- Վաղը զանգահարեք՝ 9-ից հետո։

«Սա պետական բյուջեի միջոցների վատնում է»

Բժիշկ, ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության անդամ Տարոն Տոնոյանը սա պետական բյուջեի միջոցների վատնում է համարում։ Մեղադրանք, որով այսօր բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։

«Բոլոր դեպքերում մեքենայով գնալու պարագայում կարելի է ճանապարհին տեսնել և՛ Վայքի հիվանդանոցի վիճակը, և՛ Եղեգնաձորի, և՛ Սիսիանի, և՛ Գորիսի՝ մեկ այցով, որի հնարավորությունը ուղղաթիռը չունի։ Պետության միջոցները պետք է խնայել», - ասաց Տոնոյանը։

Նախարարը խուսափեց ներկայացնել սանավիացիայի ուղղաթիռով աշխատանքային այց կատարելու իր հիմնավորումները։ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ նախարարությունն «Ազատության» գրավոր հարցմանը պետք է պատասխանի 5-օրյա ժամկետում։