Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում իր այցը սկսեց Ամուլսարից


Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքից ուղղաթիռով ժամանեց Վայոց ձորի մարզ, և այցը սկսեց Ամուլսարի հանքավայրի տարածքից, որտեղ շուրջ երկու շաբաթ է տեղացիները և բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են դեպի հանքավայրը տանող բոլոր ճանապարհները՝ պահանջելով կասեցնել ոսկու հանքի գործարկումը:

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանին ասացին, որ հանքի շահագործումը կարող է հասցնել բնապահպանական աղետի, հարևանությամբ գտնվում է Ջերմուկ քաղաքը, որը զբոսաշրջային մեծ նշանակություն ունի:

«Մենք դեմ ենք, որ էդ հանքը ամբողջովին բացվի: Մեր Ջերմուկը թող պահպանվի, էս անարատ ջուրը, էս անարատ բնությունը թող պահպանվի: Թող տուրիզմը զարգանա, մենք էլ արդեն կաշխատենք՝ տուրիստներին կսպասարկենք», - վարչապետին ասաց մի կին:

Ջերմուկում Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ամուլսարի հանքավայրում աշխատանքներ իրագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչների, բնապահպանների հետ:

Հանդիպումը ըստ էության արդյունք չտվեց: Վարչապետն առաջարկեց ձևավորել փաստահավաք խումբ՝ պարզելու, թե արդյոք իրոք բնապահպանական վնասներ է հասցնում հանքի շահագործումը: Ցուցարարները համաձայնեցին վարչապետի առաջարկությանը՝ պայմանով, որ խմբի աշխատանքի ընթացքում հանքը չշահագործվի: «Լիդիան»-ի ղեկավարները, սակայն, կտրականապես դեմ հանդես եկան՝ պնդելով, որ աշխատանքների դադարեցման ամեն օրը մեծ վնասներ է հասցնում ընկերությանը:

Բնապահպաններն ասացին, որ իրենց առաջին պայմանը հանքի իրավականությունը ստուգվի․ - «Ստացած բոլոր լիցենզիաների մասին ա խոսքը»:

Վարչապետն ասաց․ - «Եթե այն, ինչ դուք ասում եք, պարզվի, որ դա իրականություն է, և մեր Բնապահպանության նախարարը և բնապահպանական տեսչության ղեկավարը ասում են, որ մենք էդ ամեն ինչը ճշտելու, ստուգելու հնարավարություն ունենք՝ այդ թվում ձեր մասնակցությամբ, այդ թվում «Լիդիանի» ներկայացուցիչների մասնակցությամբ, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ եթե էդպիսի բաներ տեղի ունեցել են, էդպիսի բաներ իրականացրած մարդիկ կանգնեն քրեական պատասխանատվության առաջ»:

Ամփոփելով հանդիպումը՝ Հայկական բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանն ասաց, որ «Լիդիան» ընկերությունը այս ուլտիմատումով փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանի կառավարությանը․ - «Կառավարությունը «Լիդիան ինտերնեյշնլի» շանտաժին պետք է չենթարկվի: Դա ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վարկանիշի վրա, ընդհակառակը՝ Հայաստանին կգնահատեն և կֆիքսեն որպես իր պետական և ազգային իրավունքները հարգող պետություն»:

Վայոց ձորի մարզում վարչապետը հանդիպումներ անցկացրեց նաև Եղեգնաձորում քաղաքում, Արենիում, շեշտեց, որ անցել են ֆեոդալների, իշխանիկների ժամանակները․ - «Ապօրինությունների, ամենաթողության, կոռուպցիայի, թալանի ժամանակը ավարտվել է»:

Ի դեպ երեկ անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ կապանցիներից մեկի հարցին ի պատասխան, վարչապետն ասաց, որ իր իշխանության օրոք հանքերը շահագործվելու են Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան։

Երեկ մինչև ուշ երեկո վարչապետը Կապանի կենտրոնական հրապարակում հավաք էր անցկացնում, նա պատասխանում էր կապանցիների տարաբնույթ հարցերին։

Ի դեպ երեկ միջադեպ տեղի ունեցավ. Կապանի հանրապետական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էր վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում, քաղաքին վերաբերող հարցերից մեկի ժամանակ վարչապետը խնդրեց, որ քաղաքապետը պատասխանի այդ հարցին, բայց Հայրապետյանը սուլոցների արժանացավ՝ հրապարակից վանկարկում էին, թե նա ռեժիմի ընտրած քաղաքապետն է, նա ՀՀԿ-ի շահերն է սպասարկել Կապանում։

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG