Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, թե դատապարտում է բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան:
«Մենք հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել իրենց ջանքերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող և մինչ օրս չլուծված բոլոր հարցերի լուծմանը», - գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը Twitter-ի իր էջում:
Ռուսական կողմը ևս այսօր անդրադարձել է Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղում աշխատող չորս հոգանոց խմբի վրա, մեկը սպանվել է, երեքը՝ վիրավորվել:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: 22-ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Վիրավորված 3 քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա երեկ վիրահատվել է, 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է` ադրբեջանական կողմը կրակել է 4 արցախցիների վրա