Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Արցախ և Սյունիքի մարզի Սև լճի տարածք, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր:
Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը, ՊԲ մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախ էր մեկնել նոյեմբերի 6-ին՝ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց վրա. կա մեկ զոհ. ԱԱԾԱրշակ Կարապետյանի այցից հետո՝ այսօր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: Նրանցից մեկ հոգի զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Հայաստանի պաշտպանության նախարարը նոյեմբերի 7-ին նաև այցելել է Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:
Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։
«Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները», - նշված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։
Օգոստոսի վերջին ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը փակեցին։ Ճանապարհը բացվեց մի քանի օր տևած բանակցություններից հետո։ Սեպտեմբերի սկզբին Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ տեղադրեցին, սկսեցին ստուգել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջել, իսկ հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ։