Բուհը շարունակում է քաղաքականացված մնալ. ԲՈՀ-ի նախկին նախագահ

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Սմբատ Գոգյան

«Ոչ մեկ չի ասում, որ ,օրինակ, ԵՊՀ խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Հասկանո՞ւմ եք։ Բա եթե չենք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք։ Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո», - 2018-ի հեղափոխություն օրերին իր ելույթներից մեկում ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։

Իսկ ահա երկու օր առաջ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհդրի նախագահ ընտրվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդամներից մեկն էլ վարչապետի օգնականն է։ Խորհրդի նիստը դռնփակ է եղել, լրագրողները չեն կարողացել մտնել ու լուսաբանել այն, ավելին՝ նիստի տեսաձայնագրությունը չի հրապարակվել։

Կրթության նախարարը սակայն, այստեղ խնդիր չի տեսնում. - «Խորհուրդը ինքն է ընդունել որոշում, և ես գտնում եմ, որ դա ճիշտ որոշում է»։

Մինչդեռ բուհի կանոնադրությունում հստակ նշվում է, որ ԵՊՀ-ն մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, և առավել քան կարևոր է համալսարանում իրականացվող հանրային նշանակություն ունեցող միջոցառումների պարագայում արդյունավետ աշխատել ԶԼՄ-ների հետ։

Ինչ վերաբերում է ռեկտորի և բուհի այլ պաշտոնյաների ընտրությանը, վարչապետը երեք տարի առաջ իր ելույթում ընդգծել էր. - «Բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»։
Կրթության նախարարը, սակայն, այլ հայտարարություն է անում՝ ընդգծելով, որ «պետությունն է պետական բուհերի հիմնադիրը և պետք է լիարժեք իրավունք ունենա որոշելու, թե ով է կառավարիչը»։

«Պետք է տարանջատենք պետությունն ու կառավարությունը։ Այո, բուհը պետությանն է, ժողովրդի ընտրած իշխանությունը պետք է կարողանա ապահովել բուհի ճիշտ կառավարումը, բայց դա դեռ չի նշանակում, որ այն քաղաքական դեմքերին, որոնց ժողովուրդը տվել է քվե, պետք է մտնեն բուհ և անձամբ սկսեն ղեկավարել։ Պետք է նրանք ընտրեն ճիշտ մասնագետների, ճիշտ պրոֆեսիոնալների, որոնք կրթությունից հասկանում են, կարող են էդ հարցերը առաջ տանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Սմբատ Գոգյանը։

Նա կարծում է, որ մայր բուհը շարունակում է քաղաքականացված մնալ, իսկ ռեկտորի ընտրությունը կախված է իշխող ուժի ցանկությունից. - «Որովհետև հենց հոգաբարձուների խորհրդի կազմի ձևավորումը էդ լոգիկան ունի։ Երբ որ խորհրդի կազմի 50 տոկոսը որոշում են կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը, բնականաբար, նրանք ներգրավվելու են մարդկանց, որոնք կհետևեն իրենց օրակարգին»։

Հայաստանի լավագույն մաթեմատիկոսներից մեկը համարվող Գոգյանը կարճ պաշտոնավարումից հետո անցած տարի հեռացավ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ համակարգում բարեփոխումներ այդպես էլ չեն իրականացվում, իշխանությունները չեն ցանկանում իսկապես պայքարել լայն տարածում ունեցող ակադեմիական գրագողության դեմ։

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին

Պետական համալսարանն ավելի քան երկու տարի է ռեկտոր չունի, ժամանակավոր պաշտոնակատարն էլ վերջերս փոխվեց. օգոստոսին իշխող «Իմ քայլի» նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվեց այդ պաշտոնին։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը այժմ 20 անդամից է կազմված։ Դասախոսներն ու ուսանողներն ունեն ընդամենը հնգական ներկայացուցիչ, մյուս տասը կառավարության և կրթության նախարարության ներկայացուցիչներն են։

Հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ռեկտորին, քննարկում և հաuտատում ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը և այլն։

Նոր ձևավորված խորհուրդը որոշել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը դեռևս չի հրապարակվել։