Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակիցներին հղած հերթական ուղերձում հայտարարել է, թե մտադիր է հացադուլը շարունակել մինչ մահ։
«Ես վերադարձել եմ և ինքնակամ դարձել գերի, իսկ հիմա մտադիր եմ շարունակել հացադուլը մինչև մահ, որպեսզի իմ օրինակով ներդրում ունենամ իմ հայրենիքի ազատագրմանը, դրա եվրոպական ուղու պահպանմանը, ռուսաստանյան օլիգարխի ճանկերից ազատելուն»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում։
Նախկին նախագահը նշում է, որ Վրաստանում մահապատիժը չեղարկվել է դեռեւս 1998 թվականին՝ իր նախաձեռնությամբ, երբ գլխավորում էր խորհրդարանի արդարադատության հանձնաժողովը։ «Ես մտածել անգամ չէի կարող, որ տարիներ անց Վրաստանում կվերականգնվի մահապատիժը, և ճակատագրի հեգնանքով կվերականգնեն ինձ համար»,- գրել է Սաակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց ի վեր գտնվում է հացադուլի մեջ։
Վրաստանի նախկին նախագահի անձնական բժիշկը, հարազատները պնդում են, որ նրա առողջական վիճակը վատթարանում է՝ պահանջելով նրան տեղափոխել բազմաֆունկցիոնալ քաղաքացիական հիվանդանոց։ Իշխանությունները, սակայն, համաձայն են Սաակաշվիլիին տեղափոխել բացառապես բանտային հիվանդանոց։ Մասնագետների գնահատմամբ` այն պայմաններ չունի նախկին նախագահին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմությունն այսօր զանգվածային բողոքի ակցիա է ծրագրում Թբիլիսիի կենտրոնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչ և երբեք»․ Վրաստանի նախագահը՝ նախկին նախագահին ներում շնորհելու մասին