Անցած երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային և պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։
Ըստ իրանական աղբյուրների, բարձրաստիճան դիվանագետը շնորհավորել է Ադրբեջանին` անցած տարվա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Մեր երկու երկրների առաջնորդների կամքն է` խորացնել հարաբերությունները, մեր արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև պարբերաբար շփումներ են լինում, և մենք հույս ունենք որքան հնարավոր է զարգացնել կապերը և չկրկնել մամուլում շրջանառվող թյուրըմբռնումները», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Խաթիբզադեն դրական է խոսել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, հատկապես՝ դիվանագիտության ոլորտում։
«Մեր հարաբերությունները Անկարայի հետ շարունակաբար խորանում են քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում։ Ներուժը ավելի մեծ է, և կան բազմաթիվ ծրագրեր՝ կապերը էլ ավելի խորացնելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նպատակն է մաս կազմել 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ընթացող պայմանավորվածություններին․ իրանագետ