Նոյեմբերի 10-ից հետո սահմանափակումները Արցախում ավելի կխստացվեն

Համաճարակային իրավիճակը լարված է նաև Արցախում, որտեղ հիվանդացության թվերի աճ է գրանցվում։ Երեկվանից այնտեղ կարանտին է հայտարարված։

Միայն վերջին 4 օրերի ընթացքում հետազոտվել է 740 մարդ, որոնցից գրեթե կեսի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Ընդհանուր առմամբ, հիվանդությունից այս պահին բուժվում է 170 մարդ, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 81-ինը՝ ծանր։

Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի խոսքով, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ Թեև վակցինացիան ապրիլից են սկսել, սակայն որոշ դրական շարժ միայն վերջին օրերին են նկատում։ Օրինակ՝ նոյեմբերի 1-ից ի վեր 400 քաղաքացի է պատվաստվել։

«Պատվաստումը սկսվել է ապրիլին, բայց `ոչ ակտիվ։ Իսկ երբ հոկտեմբեր ամսին գրանցվել է հիվանդության աճ, բնակչության շրջանում արդեն մոտեցումը ավելի լրջացել է, մարդիկ սկսել են պատվաստվել», - ասում է Հարությունյանը։

Հայտարարված կարանտինը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը։

Ըստ սահմանափակումների, արգելվում են հանրային միջոցառումներ կազմակերպել, իսկ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունները 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ։

Մինչ այս դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասերն առցանց կամ լսարանային պայմաններում կազմակերպելու որոշումը կայացնում է բուհի ղեկավարությունը։

Իսկ որքանո՞վ արդյունավետ կլինի մեկամյսա կարանտինը։ Համահամաճարակային տեսչության պետն ասում է. - «Եթե հսկողությունը լիարժեք լինի, օգուտ կտա»։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքով, Արցախի տարբեր բնակավայրերում այժմ պատվաստման կետերն են ավելացնում, նոյեմբերի 10-ից հետո սահմանափակումները ավելի կխստացվեն. - «Օր է լինում, որ մենք չորս մահ ենք ունենում։ Հարյուր հազար բնակչի հաշվով որ նայենք, աշխարհում առաջատար, ամենաառաջին տեղում ենք»։

Խանումյանն ասաց, որ նախարությունում ակտիվ քարոզում են պատվաստվելը, կկիրառվեն տարբեր մեխանիզմներ, փորձում են այնպիսի կարգավորումներ տալ, որ չպատվաստվածները փակ տարածքներ չկարողանան մուտք գործել։

Ի դեպ, օրերս Խանումյանի ղեկավարած նախարարությունը հայտարարություն տարածեց, որ նոյեմբերին համավարակով պայմանավորված, նախարար Հայկ Խանումյանի մոտ քաղաքացիների ընդունելություն չի կազմակերպվելու: Իսկ դեկտեմբերից ընդունելության կարող են գրանցվել միայն պատվաստված քաղաքացիները:

Նախարարը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե կտրուկ որոշում է կայացրել։ Իսկ ինչ են անելու Արցախում բազմաթիվ խնդիրների առջև կանգնած քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան հանդիպելու նախարարին։ Վերջինս պատասխանեց՝ առցանց կարող են հաղորդակցվել։
Ընդհանուր առմամբ, Արցախում ապրիլից ի վեր պատվաստվել է 1400 քաղաքացի։ Այստեղ ևս կիրառվում է 4 տեսակի պատվաստանյութ՝ ամերիկյան «Մոդեռնա», ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Սինոֆարմ»։