Մատչելիության հղումներ

Բրիտանիան հաստատեց կորոնավիրուսի դեմ «Մոլնուպիրավիր» դեղամիջոցը՝ առաջինը աշխարհում


«Մոլնուպիրավիր»-ի պարկուճներ, հոկտեմբեր, 2021թ․
«Մոլնուպիրավիր»-ի պարկուճներ, հոկտեմբեր, 2021թ․

Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հաստատեց COVID-19-ի հետևանքների դեմ «Մոլնուպիրավիր» դեղամիջոցը: Այս մասին հայտնում է Բրիտանական դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների կարգավորող գործակալությունը։

Գործակալության հավաստմամբ՝ դեղամիջոցն օգնում է նվազեցնել մահվան և հոսպիտալացման վտանգը այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է՝ բարդությունների բարձր ռիսկով։

Գործակալության ղեկավար Ջուն Ռեյնն ասել է, որ «Մոլնուպիրավիր»-ը «ևս մեկ բուժական միջոց է, որը ավելացնում է COVID-ի դեմ զինանոցը»: «Սա աշխարհում առաջին հաստատված հակավիրուսային դեղամիջոցն է այս հիվանդության համար, որը կարելի է ընդունել հաբերի տեսքով, այլ ոչ թե ներերակային», - նշել է նա` հավելելով, որ դա կարևոր է, քանի որ դեղը կարող է կիրառվել հիվանդանոցներից դուրս՝ մինչև հիվանդության ծանր փուլի հասնելը:

Բրիտանիան արդեն պատվիրել է դեղամիջոցի 480 հազար կուրս, որ պետք է մատակարարվի մինչև այս տարվա վերջ։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը կարծում է, որ դեղամիջոցը կարող է զգալիորեն օգնել համաճարակի դեմ պայքարում, մասնավորապես՝ փրկել փխրուն առողջությամբ կամ վատ աշխատող իմունային համակարգերով մարդկանց։ «Այսօր պատմական օր է մեր երկրի համար: Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որը հաստատել է հակավիրուսային դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ, որը կարելի է ընդունել տանը», - հայտարարել է Ջավիդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG