Բելառուսական ընդդիմությունը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ միութենական պետության մասին երեկ ստորագրված դեկրետը լեգիտիմ չէ։
Նախ, ըստ ընդդիմադիրների, այն ստորագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ում լեգիտիմությունը ո'չ երկրում, ո'չ Արևմուտքում չեն ընդունում։ Բացի այդ, միութենական պետության մասին որևէ փաստաթուղթ կարելի է ընդունել միայն հանրաքվեից հետո։
Վիճահարույց փաստաթուղթը, որը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագրեր, այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկայի ստեղծում, ստորագրել էին երեկ նախագահներ Պուտինն ու Լուկաշենկոն՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում:
Տնտեսական մերձեցումից բացի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հաստատել են նաև երկու երկրների համատեղ ռազմական դոկտրինը։
Ռուսաստանի նախագահը իր խոսքում հայտարարեց. - «Մենք մտադիր ենք համատեղ դիմակայել ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձերի։ Իհարկե, Մոսկվան կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուս ժողովրդին: Այստեղ որևէ կասկած չպետք է լինի»։
Երկու երկրների միջև ինտեգրման խորացման շուրջ բանակցությունները նկատելիորեն աշխուժացան, երբ անցած տարի իր պաշտոնավարման դեմ սկսված բազմահազարանոց ցույցերից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողվեց Կրեմլի աջակցությամբ մնալ նախագահականում ու ճնշել ընդդիմախոսներին։
-
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Երդվում եմ, որ ցմահ չեմ պաշտոնավարի»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը կոչ է անում Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ներգրավվել վստահություն ներշնչող քաղաքական գործընթացում
«Հիմա Լուկաշնեկոն պետք է դրա դիմաց ծառայություններ մատուցի Կրեմին՝ զիջելով Բելառուսի ինքնիշխանությունը», - պնդում են ընդդիմախոսները։
Ինքը Լուկաշենկոն պարբերաբար իրարամերժ հայտարարություններ է անում այս թեմայով։ Մեկ ասում է, որ ինքն է Բելառուսի ինքնիշխանության միակ երաշխավորը, մեկ էլ ասում է, թե Մինսկը պատրաստ է Մոսկվայի հետ ցանկացած ինտեգրման։
Բելառուսի դեմոկրատական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն ընդգծում է, որ միջազգային գործընկերները չեն ընկալում այնպիսի ինստիտուտ, ինչպիսին միութենական պետությունն է և այդ միութենական պետության շրջանակներում ընդունվող փաստաթղթերից որևէ մեկը չեն ընդունում. - «Միայն բելառուս ժողովուրդն է իշխանության աղբյուրը և Բելառուսի ժողովրդի կողմից իշխանության լեգիտիմ մարմինների ձեւավորումից հետո միայն կարող են ստորագրվել ինչ-որ միջազգային համաձայնագրեր և միջազգային ծրագրեր: Հետևաբար, դա բելառուս ժողովրդի կամքը չէ, դա ուզուրպատոր Լուկաշենկոյի կամքն է, որը իշխանությունն ուժով է պահում»:
Ընդդիմության պնդմամբ, ըստ հարցումների, բելառուսների մեծամասնությունը դեմ է Միութենական պետությանը, և Ռուսաստանի նախագահը Լուկաշենկոյի հետ փաստաթուղթ ստորագրելու փոխարեն պետք է շփումներ հաստատի Բելառուսի ժողովրդավարական ուժերի հետ, որոնք ներկայացնում են հասարակության մեծամասնությունը:
Փորձագետներն իրենց հերթին ննկատում, որ երեկ ստորագրված միութենական ծրագրերում չեն ընդգրկվել քաղաքական ինտեգրման հետ կապված նախաձեռնությունները, մասնավորապես՝ իշխանության վերազգային միութենական կառույցների ստեղծումը և միասնական արժույթը։ Այսինքն՝ դե յուրե գոնե Բելառուսն այսօր պահպանում է իր ինքնիշխանությունը։
Ռուսական քաղաքական օրակարգում Միութենական պետության գաղափարը նորից հայտնվեց 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում։ Լուկաշենկոն, սակայն, ակտիվորեն ընդդիմանում էր մերձեցման գնալու Կրեմլի հորդորներին, ընդհուպ մինչև անցած տարի, երբ երկրում աննախադեպ զանգվածային ցույցեր սկսվեցին նրա՝արդեն մոտ քսան տարի շարունակվող պաշտոնավարման դեմ։