Չեք ուզո՞ւմ բյուջեն ազատել անիմաստ ծախսերից. Ընդդիմադիր պատգամավորը՝ պաշտոնյաներին

Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների համար միայն 2022-ին նախատեսված է 425 միլիոն դրամ։ Մի քիչ շատ չէ՞ այս գումարը սահմանափակ լիազորություն ունեցող նախագահի համար, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. - «Ի՞նչ արդյունավետություն ունի այս գումարների ծախսումը»:

Մի քանի հարյուր միլիոնը նախագահի արտասահմանյան այցերի համար արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ֆինանսների նախարարը չպատասխանեց: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն արձագանքեց՝ չեն վերլուծել՝ նախագահի այս կամ այն երկիր կատարած այցելությունը ծախսերին համեմատած արդյունավետ է, թե ոչ

«Ասել, թե արդյունավետ է, օրինակ, հանրապետության նախագահի օրերս Գլազգո կատարած այցելությունը դրա ներկայացուցչականության իմաստով կամ դրանից առաջ Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում իրականացրած ու հետևանքների իմաստով ծախսերի արդյունավետությունը, մենք որպես այդպիսին վերլուծություններ չունենք», - ասաց Պողոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ նախագահը Գլազգոյի համաժողովում նշել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ պատերազմում արգելված զենքեր է կիրառել

2022 թվականի համար նախագահի աշխատակազմը նախատեսում է ծախսել 1 միլիարդ 602 միլիոն դրամ:

«2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 122 օր է, որոնցից աշխատանքային 85 օր, և այս 85 օրերից 54 օրը հանրապետության նախագահը անցկացրել է ոչ Հայաստանում՝ պաշտոնական, մասնավոր, 85 աշխատանքային օրերից 54 օրը նա գտնվել է արտասահմանում, մոտ 7 երկրում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորի անիմաստ ծախսերի ցանկում էլի ոլորտներ կային, բայց քննարկումը աշխուժացավ, երբ Աղվան Վարդանյանը հասավ «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը։ Այս տոնը օրացույցում հայտնվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Այն հասցրել են նշել միայն մեկ անգամ՝ 2019 թվականին։ Կրոնահամաճարակը, իսկ հետո աղետալի պատերազմը խանգարեցին իշխանությանը տոնել քաղաքացու օրը։ Հաջորդ տարվա համար 40 միլիոն դրամ են հատկացրել: «Անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել», - հարցրեց Աղվան Վարդանյանը:

Վարդանյանի բնութագրած անիմաստ ծախսից ոչ միայն չեն ազատվելու, այլ եթե հնարավորություն լինի, ավելի շքեղ կկազմակերպեն։ Հակադարձեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ դարձյալ հիշելով նախկիններին. «Ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը մեր քաղաքական կյանքում: Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն և չենք նշելու, չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն»:

«Բոլոր դեպքերում ավելի լավ է ունենալ եռատոն նշելու, ունենալ անկախության տոնը նշելու այնպիսի հնարավորություն, ինչպես հաճախ, ձեր բնութագրմամբ, եղել է նախկինում», - ասաց «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ նշեց. - «Իհարկե, խիստ զավեշտալի է այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումներ, ում պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունը արդեն իսկ հաստատված փաստ է»:

Արայիկ Հարությունյանը չարձագանքեց Մկրտչյանի ակնարկին, թե իշխող խմբակցությունում քրեաօլիգարխիկ դեմքեր կան։

Գալիք տարվա բյուջեի քննարկումը խորհրդարանում շարունակվում է։ Քննարկումներն առանձնապես ակտիվ չեն, ավելին՝ դրանք անցնում են գրեթե դատարկ դահլիճում։