Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան

Մինչև այս շաբաթվա վերջ հնարավոր է ավարտել Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝մանրամասնելով, թե վերջին մեկ կիլոմետրն է մնացել, որ ասֆալտապատվի. - «Հենց եղանակային պայմաններ ունենանք, նույնիսկ կարող ա էս շաբաթվա մեջ ավարտենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ. Բադասյան

Սեպտեմբերին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։ Պարբերական հանդիպումներ սկսվեցին իրանցի պաշտոնյանների հետ, որոնք Հայաստանի իշխանություններին այս հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Բայց այլընտրանքային այս ճանապարհը ևս խնդիրներ է առաջացնում իրանցի բեռնափոխադրողների համար։

Տաթևի ոլորանների հատվածը դժավարանցանելի է, ընդունում է նախարարը. - ««Տաթևի ձորում երեք ոլորան կա, որտեղ դժվարությամբ են մեծ բեռնատարները պտտվում, բայց ոչ անհնար, այսինքն՝ կարող են անցնել։ Եվ այդ խնդիրը հաշվի առնելով, որպեսզի այդ խնդիրը չլինի, մենք Տաթևից Լծեն ճանապարհի կառուցման ծրագիրն ենք հիմա իրականացնում։ Այս պահին երկու ընկերություն այդ տասնինը կիլոմետր հատվածում աշխատում են տարբեր կողմերից, որպեսզի արագ իրականացվի։ Այս տարի գրունտային մասը կանենք, բայց ասֆալտապատման աշխատանքները կմնա 22 թվականին»։

Այլընտրանքային ճանապարհին այլընտրանք հանդիսացող մեկ այլ ճանապարհի կառուցումը դեռևս չի նշանակում, որ իշխանությունները այլևս հույս չեն կապում Ադրբեջանի վերհսկողության տակ անցած Գորիս - Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատված հետ։ Ամեն ինչ կորոշի դեմարկացիան և դելիմիտացիան ասում է նախարարը. - «Մենք այդ ճանապարհից ձեռք չեն քաշելու, այդ ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է։ Այսինքն՝ դեռ դելիմիտացիա, դեմարկացիա երևույթը ցույց կտա էդպես է թե չէ։ Էդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ, համաձայն եք։ Չի կարող անընդհատ սահմանում ինչ-որ... որևէ մեկը վեր կենալ ասել՝ սա մերն է, սա նրանն է և, ձեր ասածի նման, ինչ-որ մեկի մեքենային էլ նույնիսկ հարվածել։ Դա չի կարող անվերջ շարունակվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարեկարգվում է Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերջին 8 կիլոմետրանոց հատվածը

Թե խորհրդային որ քարտեզներով է իրականացվելու գործընթացը, Սանոսյանը չգիտի։ Բայց մասնագիտությամբ աշխարհագրագետ նախարարը նշում է, որ տարբեր թվականների քարտեզները միմյանից կարող են տարբերվել։ Ի՞նչ պատկեր կունենանք ասենք 1920 -ակաների քարտեզով։ Հենց այս թվականի քարտեզների մասին էր, ըստ տեղական ու ռուսական լրատվամիջոցների, խոսել Ռուսաստանի նախագահը։ Պուտինը թեև թվական չէր նշել, բայց շեշտել էր, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ սկսել դեմարկացիան ու դելիմիտացիան, քանի որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի Գլխավոր շտաբում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց խորհրդային քարտեզներով է հնարավոր լուծել սահմանների խնդիրը, Պուտինին գրել է Սարգսյանը


«20-ականների քարտեզում, կարծում եմ, բավական փոփոխություններ կան, բայց թե որտեղ, ինչպես... Կարծում եմ, Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես Հայաստանի Հանրապետության տարածք», - նշեց Սանոսյանը։

Արդյո՞ք հիմք է ընդունվելու 20-ականների քարտեզը։ Այս մասին այս չորեքշաբթի վարչապետին Ազգային ժողովում հարց էր ուղղել ընդդիմադիր պատգամավորներից մեկը։ Փաշինյանը հստակեցրել էր, թե էականը ոչ թե քարտեզի թվականն է, այլ իրավական հիմքը. - «Տարբեր թվականի քարտեզները ընդամենը իրար վերատպումներ են, և մենք պետք ա էդ քարտեզներով խորանանք, հասկանանք որն ա, որ ունի իրավական հիմք։ Էսինչ շրջանի կենտկոմը որոշում ա էսինչ արոտավայրը նվիրել մեր եղբայրական էսինչ շրջանին։ Նրանք էլ իրենց հերթին մի փոքր... այսինքն՝ մեր ուսումնասիրությունը ցույց ա տալիս, որ անընդհատ պրոցեսներ են գնացել, որոնք էդ առումով, ես ընդունում եմ, իրավական հիմք էս տրամաբանությամբ չունեն»։

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, սակայն պետությունների առաջին դեմքերի միջև հանդիպման պայմանավորվածություն դեռևս չկա։