Առաջադրված միակ դաշինքը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած նույնանուն դաշինքն է։ Նրան մրցակից է 4 տարի իր տեղակալը եղած Արկադի Փելեշյանը՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից։ Այս կուսակցության երկրորդ համարն էլ Մամիկոն Ասլանյանի մյուս տեղակալն է՝ Արման Բերնեցյանը, որ 2016 թվականին ավագանու անդամ էր դարձել Ասլանյանի գլխավորած Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով։
Ըստ էության, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը երկու մասի է բաժանված։ Մի մասը 2016-ին Հանրապետականի ցուցակով համայնքապետ դարձած Մամիկոն Ասլանյանի թիմում է, մյուս մասը՝ նրա տեղակալների։
Այսօր տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած նիստին նախկին համայնքապետի լիազոր ներկայացուցիչները համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանն ու կրթության վարչության պետ Գոռ Բադյանն էին, որոնք հունիսին կայացած ԱԺ-ի ընտրություններին երկրորդ նախագահ Ռեբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում էին։
Մամիկոն Ասլանյանը, որ ընտրությունների է գնում իր անունով ստեղծված դաշինքով, մինչև այսօր էլ խուսափում է խոսել դաշինքի մաս կազմող կուսակցությունների մասին։ Դրանցից մեկը Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած Ազատ դեմոկրատներն են, մյուսը՝ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որը հիմնադրել է «Հայաստան» դաշինքի ակտիվ աջակից ու կոնֆլիկտային իրավիճակներով հայտնի Նարեկ Սամսոնյանը։
Մամիկոն Ասլանյանը «Ազատությանն» ասել էր, թե կարևոր չէ որ կուսակցություններով է գնում ընտրությունների. - «Էս պահին որևէ մեկը որևէ կուսակցություն չի ներկայացնում, էս պահին բոլոր էդ ցուցակում ընդգրկված մարդիկ ներկայացնելու են «Մամիկոն Ասլանյան» դաշինքը և դաշինքի մարտավարությունը և դաշինքի կողմից առաջ տարվող ծրագրերը»։
Վանաձորի ըտրություններին մասնակցում է նաև «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որտեղ վերջերս միավորվեցին Տիգրան Ուրիխանյանի և Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած քաղաքական ուժերը։ Կուսակցության Վանաձորի համայնքապետի թեկնածուն Կարեն Էդարյանն է, որ Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի մտերիմն է, նրա պաշտոնավարման տարիներին իր վարորդն է եղել։ Այժմ գործարարությամբ է զբաղվում։ Տեղեկություններ կան, որ Դարբինյանի հետ համատեղ բիզնեսներ ունի։ Բազմաթիվ կոռուպցիոն հանցանքների մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ևս «Հայաստան» դաշինքի համար էր աշխատում։ Դաշինքի շտաբի պետն էր Վանաձորում։
Վանաձորի ընտրություններին մասնակցում են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության Հյուսիսային մասնաճյուղի նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանն է, «Լուսավոր Հայաստանը», որի ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։
«Հայրենիք» կուսակցության թեկնածուն տեղի կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն է, ով ևս 2016-ի ընտրություններին Մամիկոն Ասլանյանի թիմից էր, Հանրապետականի ցուցակով ավագանու անդամ էր դարձել։
Վանաձորի ընտրություններին պայքարի մեջ մտնելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրական ցուցակի առաջին համարը Վանաձորում գործող կաթի արտադրամասերից մեկի սեփականատեր Արտավազդ Ալավերդյանն է։
Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտրական ցուցակի առաջին համարը նախկինում Ոստիկանության Լոռու մարզի տարբեր բաժիններ ղեկավարած Վազգեն Թորոսյանն է։
Կոմունիստական կուսակցության թեկնածուն կուսակցության տեղի կառույցի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանն է։
Այսօր տարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց առաջադրված 9 կուսակցությունների ու 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն ասաց՝ ներկայացված ցուցակներն և փաստաթղթերն ստուգել են ավելի արագ, քան նախատեսված է օրենքով. - «Մենք հասցրել ենք բոլոր ներկայացված կուսակցությունների ու դաշինքի ցուցակները ուսումնասիրել, ստուգել, եղել են բացթողումներ, որոնք օպերատիվորեն շատ արագ վերականգնվել են, կարգավորվել են, պակաս փաստաթղթերը լրացվել են։ Եվ կարիք չենք համարել, որ էդ 48 ժամը տայինք, չնայած օրենքը նախատեսում էր։ Եթե օպերատիվորեն ամեն ինչ արվել ա, էլ դրա կարիքը չի եղել»։
Քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները վիճակահանությամբ որոշեցին իրենց քվեաթերթիկի համարը, որով նոյեմբերի 10-ից կմասնակցեն մեկնարկող քարոզարշավին։ Հանձնաժողովի նախագահը հորդորեց քարոզարշավի ընթացքում խախտումներ թույլ չտալ, քարոզչական պաստառներ չփակցնել հանրային տրանսպորտում, ինչը օրենքի խախտում է։