Շուրջ երկու տարվա քննությունից հետո դատախազությունը ոչ թե դատարան, այլ՝ լրացուցիչ քննության է ուղարկել «ՁորաՀԷԿ»-ի գործը, որով մեղադրվում են պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և չորս այլ նախկին պաշտոնյաներ։
Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին`ՀՔԾ֊ի կողմից նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, և հիմա գործը կրկին հետ են ուղարկել` պարզելու էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Թե ինչո՞ւ դատախազությունը չի հաստատել մեղադրանքը և կոնկրետ ի՞նչ հանգամանքներ պետք է ճշտվեն, իրավապահները չեն մանրամասնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՔԾ. Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջՄինչ դատախազությունը ցուցում է տվել հավելյալ հանգամանքներ պարզել, «Ազատությանը» հայտնի դարձավ, որ ՀՔԾ֊ի քննիչը ամիսներ առաջ առաջարկել է ընդհանրապես դադարեցնել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու պատճառով: Օհանյանն ու գործով անցնող մյուս մեղադրյալները, սակայն, չեն համաձայնել։ Պաշտպանության նախկին նախարարի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց` արդարացում են պահանջում։
«Առաջարկել են, որպեսզի համաձայնենք կարճմանը, ոչ թե առաջարկել են, այլ դիրքորոշումն էր ցանկացել լսել վաղեմության ժամկետի հետ կապված, կարճել-չկարճելու հետ կապված։ Երբ որ մենք, պարոն Օհանյանը հրաժարվեց, ինքը դրանից հետո մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեց դատախազին, որպեսզի դատախազը հաստատի և ուղարկի դատարան», - ասաց փաստաբանը։
Ավելի քան երկու տարի առաջ դատախազությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկը` «ՁորաՀԷԿ»-ը 2010 թվականին օտարվել է շուկայականից մի քանի անգամ էժան գնով։ Ընդ որում, իրավապահները հայտարարում էին, որ հանցավոր գործընթացն իրականացվել է փուլային, մանրամասն ծրագրված եղանակով։ Նախ` ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն է նվազեցվել, արդյունքում` ընկերությունը շուրջ մեկ տարի գործել է առանց շահույթի, ինչն էլ հիմք է տվել այն օտարել շուկայականից անհամեմատ ցածր գնով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազություն․ Բարձր եկամտաբերությամբ ՀԷԿ-ը օտարվել է 4 անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործԳործով որպես մեղադրյալ անցնում են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, տեղակալը և երկու անդամները:
Նինա Կարապետյանցի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս է երկու տարի շարունակված քննությունը մնացել անարդյունք
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը իրավապահների այս հաղորդագրությունները շատ լավ է հիշում, բայց չի հասկանում` ինչպե՞ս է երկու տարի շարունակված քննությունը մնացել անարդյունք:
«Երկար քննությունը, այո, կարող է արդարացված լինել, բայց արդարացված կլիներ այն դեպքում, եթե գոնե բավարար ապացույցներ հավաքած լինեին։ Եթե փաստացի, իրենք անգամ բավարար ապացույցներ չեն հավաքել և երկու տարի է տևել այս քննությունը, բա ի՞նչ են արել երկու տարի։ Այսինքն՝ եղավ, որ մարդկանց մոտ կարող է, այո, ողջամիտ կասկած առաջանալ, որ սա կոռուպցիոն ռիսկի դրսևորում է», - ասաց Կարապետյանցը։
Նախաքննական մարմինը հաղորդել էր, որ ռազմավարական ՀԷԿ-ը օտարվել է շուկայականից 4 անգամ ցածր գնով, արդյունքում պետությունն ավելի քան 14 միլիոն դոլարի վնաս է կրել։ Կես տարի առաջ, երբ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց քննության ավարտի մասին, քննիչ Բորյա Չիլինգարյանն «Ազատությանը» հավաստիացրել էր՝ 5 մեղադրյալի մասով էլ կան բավարար ապացույցներ. - «Հիմնավոր և բավարար են Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և անդամներ Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար»:
Հիմա, սակայն, պարզվում է` հիմնավոր ու բավարար ապացույցներ ունեցած քննիչն առաջարկել է դադարեցնել քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Իրավապաշտպանն իր հերթին փաստում է՝ եթե արագ քննեին, նման հարց այժմ չէր ծագի։
«Սա նաև ոնց բիծ է թողնում, որովհետև ոչ թե դու անմեղ ես եղել, ոչ թե բավարար ապացույցներ չեն եղել, այլ դու մեղավոր ես եղել, ուղղակի քեզ պատժելու ժամկետները բարեհաջող չտեսնելու, չնկատելու արդյունքում, ուղղակի ժամկետները քեզ պատասխանատվության ենթարկելու վերացել են։ Հետևաբար ես ենթադրում եմ, որ Օհանյանենք կփորձեն ստանալ իրենց համար ցանկալի որոշումը, այսինքն՝ ոչ թե վաղեմության ժամկետով կարճելու, այլ՝ այլ փոխարկելու», - ընդգծեց Կարապետյանցը։
Քրեական գործերի ձգձգումն ընդունված պրակտիկա է, ասում է իրավապաշտպանը, որը հեղափոխությունից հետո քննադատում է Փաշինյանի իշխանությանը արդարադատության համակարգում էական բարեփոխումներ չանելու համար։ Կարապետյանցը հիշեցնում է` քննության ընթացքում գործը շաղկապվում էր նաև երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ, ով մինչև այսօր այս գործով որևէ կարգավիճակ չունի։
«Իրանք կիմանա, թե ինչու։ Ես ենթադրում եմ նաև, որ ոչ միայն Միքայել Մինասյանը, այլ անձինք էլ կունենային մասնակցություն, այս գործերով կարգավիճակներ պետք է ունենային։ Չեն անում, որովհետև համակարգը չի բարեփոխվել, չեն անում, որովհետև այս համակարգը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ծառայել հանցավոր ռեժիմին և դա փաստ է», - ասաց Նինա Կարապետյանցը։
Քննիչ Չիլինգարյանն ամիսներ առաջ ասել էր, թե ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷԿ-ը երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներին օտարելուց 6 տարի անց վերավաճառվել է և որ քննություն է տարվում պարզելու նաև այդ գործարքի օրինականությունը։ Թե ուր են հասել իրավապահներն այս հարցում, ՀՔԾ-ն չի մանրամասնում։