Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Բարձր եկամտաբերությամբ ՀԷԿ-ը օտարվել է 4 անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործ


Էլեկտրահաղորդման գծեր Հայաստանում, արխիվ
Էլեկտրահաղորդման գծեր Հայաստանում, արխիվ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակում Պաշտպանության նախարարությունից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի համապատասխան որոշմամբ Էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002-ի հունվարին Կառավարության որոշմամբ վերապահվել են Պաշտպանության նախարարությանը: Ստացված տվյալների համաձայն՝ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010 թվականներին առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից Պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։

«Առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից», - ասված է Դատախազության հաղորդագրությունում: - «Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը»:

Մինչդեռ, շարունակում է Դատախազությունը, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո»-ն նշված գործարքից հետո' 2011-2018 թվականներին, առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ»-ի և «Ձորագետ Հիդրո»-ի կողմից 2003-2018 թվականներին առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։ Ըստ այդմ, Պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010-ի դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018-ի դեկտեմբերի դրությամբ' շուրջ 12 միլիարդ դրամ:

«Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG