Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 96-ով՝ հասնելով 304 հազար 546-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1258-ով և հասել 265 հազար 936-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 18 հազար 141 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 66 հազար 269-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 232-ի, ևս 1288 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 հազար 90 մարդ։
Հայաստանի առողջապահական գերատեսչությունը հայտնում է նաև, որ Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։
«Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Covid-19. «Կարմիր գիծը միգուցե նաև հատել ենք». Թթվածին արտադրող մեծ կայաններից մի քանիսը ծանրաբեռնվածության հետևանքով վթարվել էին
Արցախում՝ 85 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք։ 91-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոք-սրտային անբավարարություն, 70-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 հազար 372 քաղաքացու հետազոտություն, որից 1913-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։