Մատչելիության հղումներ

Վարչապետը չի բացառում բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր դարձնելը, բայց հակված չէ լոքդաունի գնալ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ դնելը կրկին դառնա պարտադիր։ Ըստ կառավարության ղեկավարի՝ այսպիսով կհեշտացնեն նաև ոստիկանների ու տեսչական մարմինների աշխատանքը։

«Համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է, - այսօր կառավարության նիստում ասաց նա` շարունակելով, - երբ որ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել»։

Բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը Հայաստանում հանվել էր այս տարվա հունիսից, թեև մինչև այդ էլ քչերն էին դիմակ դնում։ Այժմ դիմակների պարտադրանքը գործում է միայն փակ տարածքներում, բայց այստեղ էլ կրողները շատ չեն։ Բուհերն անցել են հեռավար ուսուցման, մեկ շաբաթով երկարաձգվել է դպրոցական արձակուրդը, այժմ քննարկվում է ևս մեկ շաբաթ ավելացնելու հարցը, այսօր հայտարարեց առողջապահության նախարարը: Վերջին շաբաթներին Հայաստանում օրական 2000-ից ավելի մարդ է վարակվում։

«Երկու շաբաթ հետո, ես ձեզ վստահեցնում եմ, որ որոշակի մեղմում թվերում մենք կարձանագրենք», - համոզված է նախարար Ավանեսյանը:

Չնայած ծայրահեղ լարված համաճարակային իրավիճակին` կառավարությունը հակված չէ լոքդաունի գնալ, նիստում ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ այժմ երկու ուղղությամբ են աշխատում` առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումն է, երկրորդը՝ պատվաստումների ծավալի ընդլայնումը։

Յոթ ամիսների ընթացքում Հայաստանում դեռ բնակչության տասը տոկոսն էլ չի ստացել ամբողջական պատվաստում, ընդ որում՝ հայտնի էլ չէ, թե այս թիվը որքանով է արտացոլում իրականությունը, քանի որ կեղծ հավաստագրերի հարյուրավոր դեպքեր են բացահայտվել.

«Մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում 6 հոգի, և պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու», - ասաց նա:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսից բուժվում է ավելի քան 30 հազար քաղաքացի, նրանցից 1702-ն են պատվաստված, իսկ հոսպիտալացված 3100-ից` 96-ը: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվող 1500 քաղաքացուց էլ պատվաստված են 5-ը։

Տարածվում է պատվաստման մասին ապատեղեկատվության տարածումը. մասնագետ

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանն ասում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակվում է վակցինաների մասին ապատեղեկատվության տարածումը, ինչի պատճառով էլ շատերը երկմտում են պատվաստվել։ Այնուամենայնիվ գոնե վերջին օրերին մասնագետը որոշ դրական տեղաշարժ է նկատում, ինչը կապում է հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտած որոշման հետ, որով աշխատող քաղաքացիները կա՛մ պետք է պատվաստված լինեն, կա՛մ ամիսը երկու անգամ գործատուին քովիդի բացասական թեստի արդյունք ներկայացնեն։

«Ցանկալի կլիներ, որ այս ակտիվացումը մենք ունենայինք ապրիլ ամսից, մենք չէինք ունենա այս ահավոր ինտենսիվ չորրորդ ալիքը, որը մենք արձանագրեցինք, ու դեռ շարունակվում է, և դեռ ունենալու ենք կորուստներ, ինչի մասին խոսում են կրիտիկական հոսքերը վերակենդանացման բաժանմունքների», - նշեց նա:

«Ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ»

Այս պահին քովիդով հիվանդներին սպասարկող 27 բժշկական կենտրոններում 3050 մահճակալ կա, որոնք անընդմեջ զբաղված են։ Հիվանդների 90 տոկոսը վարակված է «դելտա» շտամով։

«Այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր հիվանդության ընթացքոի ծանրության առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում, - ասաց Անահիտ Ավանեսյանը, - ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ: Եվ այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են»:

Առողջապահության նախարարի խոսքով՝ այժմ ավելի քան 200 վարակակիր հոսպիտալացման իր հերթին է սպասում։ Հատկապես վերջին մի քանի ամիսներին են թե՛ հիվանդացության նոր դեպքերի, թե՛ մահերի ռեկորդային բարձր թվեր գրանցվում։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 925 մարդ է մահացել։

XS
SM
MD
LG