Հայաստանը պետք է խոսի Թուրքիայի հետ, դրան այլընտրանք չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով՝ պետք է խոսել հնարավորինս ուղիղ՝ ներգրավելով մի քանի խաղացողմների և վերականգնել հարաբերությունները թեկուզ խոսակցության մակարդակով։
«Մենք պետք է Թուրքիայից եկող վտանգները դարձնենք կառավարելի, հարաբերություն ունենալու մակարդակի», - ասաց Մարուքյանը։
Վերջին շրջանում հայկական և թուրքական կողմերը պարբերաբար հայտարարում են, թե հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան։
Օրերս Ֆիզուլի այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ։ Այս համատեքստում Էրդողանը կարևորել էր կողմերի միջև պետական սահմանների հստակեցնում ու փոխադարձաբար ճանաչումը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն էլ ասել է, թե պատրաստ են նաև եռակողմ՝ Անկարա-Բաքու-Երևան ձևաչափով քննարկել այս հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ». ԷրդողանԵրևանն իր հերթին երեկ հայտնեց, թե ռուսական կողմի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:
«Նախապայմանները, որ Թուրքիան ուներ 2008 թվականին, այլևս վերացել են։ Թուրքիան ի՞նչ էր ասում, ասում էր՝ «ձեր զորքերը հանեք 7 շրջաններից, մենք սկսենք խոսել»։ Անընդհատ լինելու են նորերը, բայց, եթե մենք ասենք՝ «մենք ձեր հետ չենք խոսում, որովհետև մենք էլ ունենք նախապայմաններ», էդ խոսակցությունն ընդհանրապես չի սկսվելու և մենք չենք կարող կառավարել Թուրքիայից եկող ռիսկերը», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Մարուքյանը շեշտեց՝ 2008-ին թեև քաղաքականության մեջ չի եղել, սակայն կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը, որպեսզի դրանով թուրքական վտանգը նվազի։ Նրա խոսքով՝ եթե 2008-ին սահմանները բացվեին, դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեին, էս պատերազմի վտանգներն էդ ժամանակ կարող էին նվազել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․