Սուրբ Աթոռը կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցի հանգուցալուծման ուղղությամբ, Երևանում հյուրընկալվելով վարչապետի մոտ` հավաստիացրել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապի՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերի և այս ուղղությամբ քայլերը շարունակելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունը կարևոր է հարցի լուծման համար:
Էդգար Պենյա Պառան և Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաև Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու օրակարգը, միաժամանակ կարևորել շահագրգիռ բոլոր կողմերի հանձնառությունն այդ գործընթացին:
Հիշեցնենք, Երևանում երեկ պաշտոնապես բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը: Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը այդ առիթով է Հայաստանում: Նրան այս երկու օրերի ընթացքում ընդունել են արտգործնախարարը, Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել՝ նաև հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար․ Վատիկանի փոխպետքարտուղար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաքելական նվիրակությունը Հայաստանի համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու խորհրդանիշ. Էդգար Պենյա Պառա